«Հարսնաքար»-ը պայթեցնելու փորձի վերաբերյալ նյութերով կզբաղվի ՊՆ քննչական ծառայությունը
«Հարսնաքար» ռեստորանային համալիրը այս գիշեր Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ, ՊՆ մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանի կողմից պայթեցնելու փորձի մասին նյութերով կզբաղվի Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը:
«Արարքը կատարել է զինվորական, այդ պատճառով էլ կատարվածի փաստով նախապատրաստված նյութը կուսումնասիրի ՊՆ քննչական ծառայությունը», -փոխանցեց Մերի Սարգսյանը՝ նկատելով, որ ավելի ուշ հայտնի կդառնա՝ կհարուցվի՞ քրեական գործ, թե՞ ոչ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Վարդան Սամվելյանը զինվորական համազգեստով և զինվորական պայուսակով, որի մեջ հայտնաբերվել էր երկու նռնակ , փամփուշտներ, դեռևս չբացահայտված պայթուցիկ նյութ, մտել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիր և սպառնացել պայթեցնել այն: Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը Panorama.am-ին հաստատեց լուրը, որ Վարդան Սամվելյանը ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ է: Նրա հայրը Ոստիկանության քննչական գլխավոր վարչության աշխատակից, ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։
Նախօրեին գիշերը մեծ թվով քաղաքացիներ այս ռեստորանային համալիրի մոտ մոմավառության ակցիա էին կազմակերպել ի հիշատակ ՊՆ բուժծառայության մայոր, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանի մահվան: Մոմավառության ակցիային, չնայած հորդառատ անձրևին, մասնակցում էին մեծ թվով մարդիկ, որոնք մոմերը ձեռքներին մոտենում էին համալիրի աստիճաններին, տեղադրում դրանք, մի պահ կանգ առնում ու գնում:
«Ես Վահեն եմ», «Սա սպանդանոց է», «Վերջ ամենաթողությանը» վանկարկումներով ակցիան սկզբում խաղաղ էր, այնուհետև, տեսնելով, որ համալիրի ներսում ինչ-որ հանդիսություն է, աշխատակիցները փորձել են հեռացնել ակցիայի մասնակիցներին: Այդ գործին նրանց միացան նաև Ոստիկանության ծառայողները, որոնք համալիրի մոտ ժամանեցին երեք մեքենաներով: Արդյունքում մի փոքր հրմշտոց առաջացավ ակցիայի մասնակիցների ու ոստիկանության ծառայողների միջև, սակայն շատ արագ կրքերը հանդարտվեցին և ակցիայի մասնակիցները կոչ արեցին վաղը, հուլիսի 1-ին բողոքի ակցիան շարունակել նախագահականի մոտ: Նշենք, որ համալիրի պատին ակցիայի մասնակիցները գրել էին ըստ իրենց համալիրի նոր անվանումը՝ «Հանցաքար», սևով նկարել էին գանգեր:
Հիշեցնենք, ինչպես հայտնի էր դարձել նախաքննական մարմնին, մի խումբ ընկերներ, նրանցից մեկի ծննդյան տոնը նշելու համար, հունիսի 17-ի երեկոյան այցելում են Երևանի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Մարզահագուստով լինելու պատճառով վեճ է ծագում նրանցից մեկի և համալիրի մատուցողի միջև:
Վիճողները դուրս են գալիս բակ, որտեղ մոտենում են նաև այցելուի ընկերներն ու ռեստորանային համալիրի աշխատողները: Նրանց ներկայությամբ մատուցողը բռունցքով հարվածում է այցելուին: Սրանից րոպեներ անց անվտանգության աշխատողներն ու այլոք ծեծի են ենթարկում այցելուներին: Տուժածներին ընկերները տեղափոխում են ՊՆ Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ:
Տուժածների թվում էր նաև ՊՆ բուժծառայության մայոր, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի ղեկավար Վահե Ավետյանը, որը վերակենդանացման բաժանմունքում 13 օր ծայրահեղ ծանր վիճակում էր և մահացավ նախօրեին ժամը 18:30-ի սահմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան