Ես դիտորդական առաքելություն էի կատարում, Հայրապետյանը հրեց ինձ գցեց գետնին. Իրավապաշտպան
«Ռուբեն Հայրապետյանը ինձ անձամբ հրեց և գցեց գետնին, ես ընդամենը լուսանկարում էի «Հարսնաքար»-ի դիմաց կատարվող իրադարձությունը, ոստիկաններին», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր նույն ռեստորանային համալիրում իր հետ կատարվածը ներկայացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի իրավապաշտպան Արման Վեզիրյանը: Նշենք, որ ՊՆ ռազմաբժիշկ, մայոր Վահե Ավետյանի մահվան յոթօրնեքի կապակցությամբ այսօր ևս մոմավառություն է անցկացվել Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտ:
Հարցին, թե Հայրապետյանի հասցեին որևէ վիրավորական արտահայտություն հնչե՞լ է Վեզիրյանի կողմից, որ պատգամավորը դիմել է այդ քայլին, իրավապաշտպանը պատասխանեց. «Ոչ, ես ընդամենը լուսանկարել եմ տվյալ տարածքում կանգնած ոստիկաններին, ոչ ես որևէ բան չեմ ասել, ես չեմ եկել ընդեղ ցույցին մասնակցելու ես այնտեղ եղել եմ որպես Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից, դիտորդ, իրավապաշտպան: Ես ընդամենը իմ դիտորդական առաքելությունն եմ կատարել»:
Նա նաև տեղեկացրեց, որ վաղն առավել մանրամասն հայտարարություն կանեն այդ կապակցությամբ:
Այսօր ռեստորանային համալիրում կարգը պահպանող ոստիկանության ծառայողները շրջափակել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրը, քանի որ ցուցարարները փորձել են ներս մտնել ռեստորան: Ոստիկանության լրատվության ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ ոստիկանության ծառայողները արգելել են ակցիայի մասնակիցներին գնալ այդ քայլին՝ նրանց անվտանգությունից ելնելով: Դրա արդյունքում մի փոքր հրմշտոց է եղել ցուցարարների ու ոստիկանների միջև, ինչը սակայն շատ արագ արագ կարգավորվել է: Բողոքի ակցիային այսօր մասնակցել են 3 տասնյակից ավել մարդիկ: Ըստ որոշ աղբյուրների` Հարսնաքարում մոմավառությունից հետո մասնակիցները շարժվել են դեպի Ավանում գտնվող Ռուբեն Հայրապետյանի տուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան