Կների՞, թե՞ ոչ. Վեզիրյանը սպասում է իրավապահների արձագանքին
«Նա զանգեց, ասաց, որ ընդունում է իր արարքը և զղջում դրա համար», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը, փոխանցեց Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արման Վեզիրյանը, ում երեկ երեկոյան պատգամավորը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ խփել-գցել էր գետնին:
Վեզիրյանն ասաց, որ այժմ իրենք սպասում են իրավապահ մարմինների գործողություններին, քանի որ ինչպես նախատեսվում է հայաստանյան օրենսդրությամբ, ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները կարող են հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար:
Այնուհետև Վեզիրյանը հեռախոսափողը փոխանցեց իր փաստաբան Նինա Կարապետյանին և հարցին, թե Վեզիրյանը պատրա՞ստ է ներել Ռուբեն Հայրապետյանին, պատասխանեց փաստաբանը. «Անկախ նրանից Հայրապետյանը զղջացել է, թե ոչ, քրեական գործը կհարուցվի և նոր միայն Արման Վեզիրյանը կորոշի` ինչ անել»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ նախօրեին երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ միջադեպ էր տեղի ունեցել Արման Վեզիրյանի և Ռուբեն Հայրապետյանի միջև, և Վեզիրյանն էր մեզ հետ զրույցում ասել էր. «Ռուբեն Հայրապետյանը ինձ անձամբ հրեց և գցեց գետնին, ես ընդամենը լուսանկարում էի «Հարսնաքար»-ի դիմաց կատարվող իրադարձությունը, ոստիկաններին»:
Մեր հարցին, թե Հայրապետյանի հասցեին որևէ վիրավորական արտահայտություն հնչե՞լ է Վեզիրյանի կողմից, որ պատգամավորը դիմել է այդ քայլին, իրավապաշտպանը պատասխանել էր. «Ոչ, ես ընդամենը լուսանկարել եմ տվյալ տարածքում կանգնած ոստիկաններին, ոչ ես որևէ բան չեմ ասել, ես չեմ եկել ընդեղ ցույցին մասնակցելու ես այնտեղ եղել եմ որպես Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից, դիտորդ, իրավապաշտպան: Ես ընդամենը իմ դիտորդական առաքելությունն եմ կատարել»:
Հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում տեղի ունեցածից հետո, երբ դաժան ծեծկռտուքի հետևանքով մահացավ ՊՆ բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ վայր է դնում իր պատգամավորական մանդատը: Առայժմ, մինչև ԱԺ սեպտեմբերյան նստաշրջան, սակայն, Հայրապետյանը համարվում է ԱԺ պատգամավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին