Լրագրողի և դատախազի որդու դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է մեկ այլ դատարանի վարույթ
«Ռեգնում» լրատվական գործակալության լրագրող Ռուբեն Գրդզելյանի և Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու` Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործը Էրեբունի և Նուբարաշեն վարչական դատարանի վարույթից ընդդատության կարգով ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ. Գրիգորյանը ուսումնասիրել է քրեական գործի նյութերը և պարզել, որ Ռուբեն Գրդզելյանի և Մանրիկյանների միջև վիճաբանությունը և ծեծկռտուքը տեղի է ունեցել Երևանի Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի բակում, որը Կենտրոն վարչական շրջանի տարածք է: Հետևաբար դատավորի օգոստոսի 1-ին կայացրած որոշման համաձայն, գործն ընդդատության կարգով ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ:
Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր քրեական գործին և ներկայացրել Մանրիկյանի և Գրդզելյանի քրեական գործ մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ, ամեն ինչ եղել է հետևյալ այսպես.
2012 թվականի մայիսի 12-ին` ժամը 23-ի սահմաններում, ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանը, գտնվելով Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 36-րդ շենքի բակում տեղադրված, իրեն պատկանող ավտոտնակի մոտ, նկատել է, որ երկու մանկահասակ երեխա վազել են դեպի որդու` Ալբերտ Մանրիկյանի վարած ավտոմեքենան, և վերջինիս դժվարությամբ է հաջողվել խուսափել նրանց վրաերթից: Տեսնելով դա` Մեսրոպ Մանրիկյանը երեխաների ծնողներին ուղղված վրդովմունք է հայտնել` ուշ ժամին բակում նրանց առանց հսկողության թողնելու համար: Նրան հակադարձել է երեխաների ծնողներից մեկը` Ռուբեն Գրդզելյանը, ում Մեսրոպ Մանրիկյանը սկզբից չի նկատել:
Նրա և Մեսրոպ Մանրիկյանի միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Ռուբեն Գրդզելյանն առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքով հարվածել է Մեսրոպ Մանրիկյանի դեմքին` պատճառելով առողջությունը կարճատև քայքայող մարմնական վնասվածք: Այդ պահին նրանց է մոտեցել Մեսրոպ Մանրիկյանի որդին` Ալբերտ Մանրիկյանը, ով իր հերթին սկզբից հրել, ապա ձեռքով հարվածել է Ռուբեն Գրդզելյանի դեմքին` պատճառելով վերջինիս առողջությունը կարճատև քայքայող մարմնական վնասվածք:
Նկարագրված արարքների համար Ռուբեն Գրդզելյանին և Ալբերտ Մանրիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, իսկ Մեսրոպ Մանրիկյանի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել` նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով:
Առաջադրված մեղադրանքում մեղադրյալներ Ռուբեն Գրդզելյանն ու Ալբերտ Մանրիկյանն իրենց մեղավոր չեն ճանաչել և ցուցմունքներում, նաև` միմյանց հետ առերես հարցաքնության ժամանակ, ընդունելով 2012 թվականի մայիսի 12-ին` ժամը 23-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծի փողոցի 36-րդ շենքի բակում վիճաբանության հանգամանքը, յուրաքանչյուրը փորձել է ինքնապաշտպանությամբ արդարացնել իր վարքագիծը:
Դատաբժշկական փորձագետի 1297 եզրակացության և դրա վերաբերյալ փորձագետի տված ցուցմունքի համաձայն` Մեսրոպ Մանրիկյանի մոտ հայտնաբերվել են աջ աչքի դրսային անկյան և աջից ճակատային թմբկության արյունազեղումներ, գանգուղեղային տրավմայի ախտանիշեր և աջ արմնկահոդի շրջանի քերծվածք: Այդ վնասվածքներով նրա առողջությանը պատճառվել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Այդ մարմնական վնասվածքների առաջացման մեխանիզմը համապատասխանում է տուժող Մ. Մանրիկյանի ցուցմունքներում նկարագրվածին (դեմքին հարված ստանալու և վայր ընկնելու հետևանքով):
Դատաբժշկական փորձագետի մեկ այլ` 1298 եզրակացության և դրա վերաբերյալ փորձագետի տված ցուցմունքի համաձայն` Ռուբեն Գրդզելյանի մոտ հայտնաբերվել են աջ աչքի ակնակապճի շրջանի արյունահավաք, գլխի ձախից ճակատային շրջանի և պարանոցի արյունազեղումներ (ընդամենը` երեք արյունազեղում): Այդ վնասվածքներից` ակնակապճի արյունահավաքի հետևանքով նրա առողջությանը պատճառվել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, իսկ արյունազեղումներն առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:
«Դատախազը, որպես լավ տղա, տղուն ուղարկում ա դատվելու». Լրագրողի գործը դատարանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան