ԿԸՀ-ն առաջարկում է այլևս դրոշմակնիք չկիրառել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջարկում է հանել Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրողների անձը հաստատող փաստաթղթերը դրոշմակնքելու ինստիտուտը: Առաջարկը ներառված է մայիսի 6-ի խորհրադարանական ընտրությունների կազմակերպման, անցկացման, ԸՕ խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հանձնաժողովի պատրաստած հաշվետվության մեջ:
Հիշեցնենք, որ ԸՕ 66 հոդվածի 5-րդ կետը սահմանում է. «Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում»:
ԿԸՀ մասնագետների գնահատմամբ, ԸՕ այս հոդվածում սխալ կա, քանի որ որևէ նյութ չի անհետանում, այլ տեղի է ունենում գունազրկում կամ գունաթափում: Բացի այդ էլ, առաջին անգամ քիմիական այդ նյութի կիրառման արդյունքում դեպքեր եղան, երբ նյութը նշված ժամանակից շուտ կամ ուշ էր անհետանում:
ԿԸՀ-ն նաև նշում է, որ, ԸՕ դրույթներով, մեկից ավելի քվեարկելը բացառելու ավելի առանցքային հնարավորություններ են ամրագրված, օրինակ` ընտրական ցուցակների կազմման, վարման, դրանց հրապարակայնության և այլ կանոնակարգումները:
Նշված հաշվետվությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջարկում է որպես ընտրակաշառքի դեմ պայքարի արդյունավետ միջոց նախատեսվի կանոնակարգում, որպեսզի ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդում ներկայացնողներն ազատվեն քրեական պատասխանատվությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն՝ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակվելուց հրաժարվելու պայմանով կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները