«Գոմեշի մսի» գործով մեղադրանք է առաջադրվել Կապանի մսի կոմբինատի տնօրենին
Հայաստանի պաշտպանության բանակի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ալբերտ Օհանջանյանին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը
Ալբերտ Օհանջանյանը Կապանի մսի կոմբինատի տնօրենն է: Հենց այս կոմբինատն էլ եղել է բանակ մսի մատակարարը: Օհանջանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»:
Հիշեցնենք, որ նույն հոդվածով քրեական գործն հարուցվել էր այս տարվա հունիսին` բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա: Հենց այդ ժամանակ էր, որ աշխատանքից ազատվեց ՊՆ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը:
Ներկայացնելով նախաքննության որոշ տվյալներ, Մերի Սարգսյանն ասաց, որ Բրազիլիայից ներկրված ժամկետանց գոմեշի մսի մասին հանգամանքը հերքվել է և խոսք կարող է գնալ միայն մատակարարված մսի մեջ գոմեշի մսի առկայության մասին: ՊՆ քննչական ծառայության սպան ասաց նաև, որ քննարկման փուլում է մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը, եթե նրանց գործողություններում առկա են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործունների հատկանիշներ: