«Փուչիկների գործ». Սերոբ Բոզոյանը դատապարտվեց 1 տարի ազատազրկման
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց «փուչիկների գործ»-ով դատավճիռը, որի համաձայն, ամբաստանյալ Սերոբ Բոզոյանը դատապարտվեց 1 տարի ազատազրկման:
Մինչ այդ, դատավարության ժամանակ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը ներկայացրել էր պաշտպանական ճառը, ինչպես նաև հայտարարել, որ իր պաշտպանյալը քաղցկեղով հիվանդ է եղել, քիմիոթերապիայի կուրս է անցել, վիրահատվել և դուրս գրվել բարելավմամբ: Իսկ այժմ նրա 9-ամյա որդին վատառողջ է: Կարեն Մանուչարյանը դատարանին տեղեկացրեց, որ Սերոբ Բոզոյանը նախընտրական միջոցառման կազմակերպիչներին զգուշացրել է մեթան գազով փուչիկների լիցքավորման դեպքում վտանգի մասին, իսկ հելիումով լիցքավորելու դեպքում վճարը շատ ավելի թանկ կլինի:
Սակայն պաշտպանի միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ դատարանը հաշվի չառավ:
Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ էին ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:
Փուչիկները Սերոբ Բոզոյանին պատվիրել էր Հանրապետական կուսակցությունը: