«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը դիմել է դատարան ԲՀԿ-ական պատգամավորի հարկադիր սնանկության ճանաչման պահանջով
ՎՏԲ-Հայաստան Բանկի ներքին ընթացակարգերի համաձայն 2010 թվականի նոյեմբեր ամսից բանակցություններ են տարվում Ազգային ժողովի պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Վաչիկի Ստեփանյանի հետ` կապված վերջինիս կողմից Բանկի առջև իր ունեցած պարտավորությունները չկատարելու կապակցությամբ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, սկսած 2011 թվականի նոյեմբերից, ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին Բանկի առջև պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին:
Քանի որ, Բանկի հաճախորդ Տիգրան Ստեփանյանը գիտակցաբար չի կատարել Բանկի առջև ունեցած իր պարտավորությունները 2012 թվականի ապրիլին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հայց է ներկայացրել դատարան պարտքի բռնագանձման պահանջի վերաբերյալ: Արդյունքում հայցը բավարարվել է, դատական որոշումը հրապարակվել է 2012 թվականի օգոստոսին և օրինական ուժի մեջ մտել 2012 թվականի սեպտեմբերին:
Դատական վիճաբանություններից հետո ս.թ. սեպտեմբերի 10-ին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ դիմում է ներկայացրել դատարան Ազգային Ժողովի պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով, որի վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է տեսնել Հայաստանի Հանրապետության www.datalex.am պաշտոնական դատական տեղեկատվական համակարգում: