Ճկույթը կտրած դատապարտյալը Կարեն Թառոյանն է. Նա առաջ էլ է ճկույթ կտրել
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի քանի դատապարտյալների և կալանավորների հացադուլ հայտարարելու վերաբերյալ լրատվամիջոցներով տարածած տեղեկության կապակցությամբ ԱՆ ՔԿՀ լրատվական ծառայությունը պարզաբանում է տարածել:
ՔԿՀ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նամակի հեղինակը, նախկինում երկու անգամ դատապարտված, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արթուր Խաչատրյանն է (մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132հ. 1-ին (մարդու թրաֆիքինգը) և 182հ. 1-ին մասի (շորթում) հատկանիշներով) հոկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին հայտարարել է հացադուլ: Ըստ դիմումի` բողոքում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքից: Նույն օրը հացադուլ հայտարարելու մասին դիմումներ են ներկայացրել ևս մեկ կալանավոր և մեկ դատապարտյալ:
Կալանավոր Վարդան Դեմիրճյանը (մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104հ. 2-րդ մասի 1 և 6 կետերով (սպանության փորձ), 185հ. 3-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) և 325հ. 1-ին մասի (պաշտոնական փաստաթուղթ կեղծելը) հատկանիշներով) նույնպես բողոքում է քրեական գործի ընթացքից:
Դատապարտյալ Կարեն Թառոյանը, ով 2005թ. մայիսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112հ. 2-րդ մասի 14 կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) 9 տարվա ազատազրկման է դատապարտվել, անհիմն պահանջներ է ներկայացրել:
Ըստ աղբյուրի` չնայած դրան` Կ. Թառոյանին հայտնել են, որ պահանջն այնուամենայնիվ, կքննարկվի: Կ. Թառոյանը չսպասելով որևէ պատասխանի, ժամը 01:15-ին կատարել է ինքնավնասում` կտրելով աջ ձեռքի ճկույթի միջին հատվածը: Աղբյուրը նշում է, որ Կ. Թառոյանն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, նրան ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն:
Նկատենք, որ քրեակատարողական հիմնարկ այցելած ՄԻՊ արագ արձագանքման խմբին, Թառոյանն ասել էր, որ իրեն բժշկական օգնություն չի ցուցաբերվել:
«Հավելենք, որ Կ. Թառոյանը գտնվելով «Նուբարաշեն», «Սևան», «Արթիկ», «Գորիս», «Վանաձոր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, խիստ բացասական է բնութագրվել և ընդհանուր առմամբ 20 անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի: Ավելին, ամիսներ առաջ, պատճառաբանելով մոր և կնոջ լարված հարաբերությունները, կտրել էր ձախ ձեռքի ճկույթի միջին հատվածը»,- տեղեկացնում են ԱՆ ՔԿՀ լրատվական ծառայությունից:
Հոկտեմբերի 21-ին հացադուլ է հայտարարել նաև ԼՂՀ քրեական օրենսգրքի 177հ. 3-րդ (գողություն) և 165հ. 4-րդ (անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) մասով 6 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Մխիթարյանը: Քննիչի համապատասխան որոշմամբ նա 31.07.2012թ. ԼՂՀ-ից տեղափոխվել է ՀՀ, քանի-որ Ս. Մխիթարյանի նկատմամբ հարուցվել է ևս մեկ քրեական գործ: Նա նույնպես բողոքում է քրեական գործի ընթացքից:
Հացադուլ հայտարարած դատապարտյալներն ու կալանավորները գտնվում են առանձին խցում, բժիշկների հսկողության տակ:
Կ. Թառոյանի ինքնախեղման փաստով նախապատրաստվում են նյութեր:
Հարակից հրապարակում. «Մայորի որդու փոխարեն իմ որդին է պատիժ կրում». ՔԿՀ-ում բերանը կարած դատապարտյալի մայրը արդարություն է փնտրում