Աբովյանցի գործարարի մահվան գործով նախաքննությունը դեռ շարունակվում է
Աբովյանցի գործարար, «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի սեփականատեր Մկրտիչ (Մերուժան) Խաչատրյանին ծեծելու միջոցով մահվան հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, կատարվում են հարցաքննություններ, ապացույցների ուսումնասիրություն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը:
Ավելի վաղ panorama.am-ը տեղեկացրել էր, որ այդ գործով անցնող առանցքային վկան, որը գործարարին պատկանող համալիրի Մարտին անունով մենեջերն էր, հարցաքննվել է:
Աբովյանցի գործարար Մկրտիչ Խաչատրյանը մահացել էր սեպտեմբերի 27-ին «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում` գլխի շրջանում ստացած ծանր վնասվածքների հետևանքով: Նա, մինչև այդ սեպտեմբերի 13-ին, հենց իրեն պատկանող ժամանցային համալիրի առջև մի խումբ երիտասարդների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել: Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ և այժմ 3 երիտասարդներ` զինծառայող Ալբերտ Քարհանյանը և աբովյանցի եղբայրներ Վահրամ ու Վարդան Գրիգորյանները կալանավորված են: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի հատկանիշներով` «մի խումբ անձանց կողմից անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ»: Քրեական գործի նախաքննությունը վարում է ՊՆ քննչական ծառայությունը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մահացած գործարարի հարազատներն ասել էին, որ Մարտինը այլևս չի աշխատում «ՄԱ-Պլազա» համալիրում: Չեն աշխատում մի քանի մարդիկ ևս, որ նախկինում աշխատել են համալիրում: «Մեզ ասացին, որ տեսագրություններն են վերականգնել: Այն, որ այդ մարդիկ կալանավորվել են, լավ է, բայց պետք է քննությունը արդար վարեն», -մեզ հետ զրույցում ասել էին գործարարի հարազատները:
Panorama.am-ը հոկտեմբերի 11-ին անդրադարձել էր այս պատմությանը և նշել, որ գործով կալանավորված է միայն զինծառայող Ալբերտ Քարհանյանը, ում առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով: Այնուհետև, հոկտեմբերի 15-ին մեղադրանք առաջադրվեց նաև եղբայրներ Վարդան և Վահրամ Գրիգորյաններին ու նրանք նույնպես կալանավորվեցին:
Նախորդող հրապարակումներ. Աբովյանցի գործարարի սպանությունը կոծկո՞ւմ են. հարազատները արդարություն են փնտրում
Նոր զարգացումներ աբովյանցի գործարարի սպանության գործով. Կան ևս երկու ձերբակալվածներ
ՊՆ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացնում աբովյանցի հայտնի գործարարի սպանության գործով
Աբովյանցի գործարարի մահվան գործով առանցքային վկան հարցաքննվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները