Վարդան Ղուկասյանի փեսացուին սպանել է, որովհետև խանդել է. Գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Կարեն Եսայանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Հարություն Սարգսյանը, ով համակրել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստերը` Մ. Ղուկասյանին, և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, տեղեկացել է, որ Մանյա Ղուկասյանը պատրաստվում է ամուսնանալ այլ անձի հետ:
Իմանալով, որ 2012թ. ապրիլի 12-ին պետք է տեղի ունենա Մ. Ղուկասյանի և Կ. Եսայանի նշանադրությունը` Հ. Սարգսյանը որոշել է վրեժխնդիր լինել` Կ. Եսայանին սպանելու և նշանադրության արարողությունը խափանելու միջոցով:
Մասնավորապես` 2012թ. ապրիլի 12-ին Կ. Եսայանի հետ պայմանավորվել է հանդիպել «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարող ամայի տարածքում, որտեղ էլ Հ. Սարգսյանը 16 տրամաչափի ողորկափող հրազենից կրակել է Կ. Եսայանին, ով ստացած վնասվածքից մահացել է:
Կատարած հանցագործության հետքերը թաքցնելու և իր համար այլուրեքություն ստեղծելու նպատակով Հ. Սարգսյանը փոխել է ավտոմեքենայի արտասահմանյան համարանիշը և ուղևորվել Բավրա: Հատելով ՀՀ սահմանը` մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղից էլ 3 ժամ անց վերադարձել Գյումրի:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ Հ. Սարգսյանը 2011թ. ընթացքում առանց պետական գրանցման իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, այն է` ներմուծել և իրացրել է ավտոմեքենաներ, որի արդյունքում ստացված համաախռն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 188-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Հարակից հրապարակում. «Նախկին ոստիկանապետի որդին հանցակիցներ է ունեցել». Նոր մանրամասներ Վ. Ղուկասյանի փեսայի սպանության գործով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան