Է.Մարուքյան. Մարդասպանները նրանք չեն. ես չեմ կիսում պարոն Ջհանգիրյանի այդ կարծիքը
«Ես ողջունում եմ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման վճիռը, քանի որ մարդասպանները նրանք չեն. ես չեմ կիսում պարոն Ջհանգիրյանի այդ կարծիքը: Վերջապես 9 երկար տարիներ անց դատավճիռ կայացվեց, որով վերականգնվեց արդարությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով նախկին զինդատախազ, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի մեկնաբանությունը ` ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, այսօր Ազգային Ժողովում Գ.Ջհանգիրյանը, անդրադառնալով «Մատաղիսի գործով» արդարացման դատավճռին, հայտարարել էր. «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
Արդյո՞ք գործ չունենք անմեղության կանխավարկածի խախտման հետ: Այս հարցին ի պատասխան Է.Մարուքյանը նշեց, որ այն կարող է խախտվել միայն այն անձի կողմից, ով, ըստ էության, գործի ընթացքի վրա ազդեցություն ունի: Սակայն անգամ այս պարագայում մեր զրուցակիցը բացասական է գնահատում Գագիկ Ջհանգիրյանի ասվածը.
«Ես կարող եմ այն բացասական գնահատել այն մասով, որ երբ դեռ դատավճիռ չկար պարոն Ջհանգիրյանը նույն բանն ասաց լրատվամիջոցներից մեկի եթերում` մեկ-երկու տարի առաջ: Այն ժամանակ, երբ ասաց, գործը դեռ քննվում էր դատարանում, այ դա շատ վատ երևույթ է, և այն անարձագանք չմնաց: Այնպես որ` այսօր, երբ արդեն կա դատավճիռ, Գ.Ջհանգիրյանի հայտարարածը կարելի է գնահատել միայն որպես անձնական կարծիք»,- ընդգծեց նա ու ավելացրեց` պարոն Ջհանգիրյանն այլևս զինդատախազ չէ , այլ պատգամավոր է և իր հայտնած կարծիքի համար նա չի կարող հետապնդվել:
Է.Մարուքյանը նաև հույս հայտնեց, որ այս նախադեպը նաև տարածվելու է այլ դատական գործերի վրա և արդարացման վճիռները մեր երկրում կավելանան: Իսկ բացի այս.
«Պետք է հետևություն անել, որ այդ երեք անձինք պետք է փոխհատուցում ստանան մեղադրյալի և ամբաստանյալի կարգավիճակում լինելու համար: Այս երկար տարիների ընթացքում նրանք չեն իմացել ինչ անեն. ազատ տեղաշարժվելու նրանց հնարավորությունները սահմանափակված են եղել, քանի որ նրանք անընդհատ ստորագրության տակ ազատ արձակված են եղել, իսկ մինչև ազատ արձակվելն էլ անազատության մեջ են եղել: Սա լուրջ խնդիր է և կարծում եմ, որ այստեղ շատ մեծ փոխհատուցումների խնդիր է առաջ գալիս»,- նշեց պատգամավորը:
Նախորդիվ`
Գ.Ջհանգիրյանը կարծիքը չի փոխել. Դրանք մարդասպաններ են, պետք է դատվեն