ՀՀ կառավարությունը արդյունավետ չի քննել զինծառայության ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերը. Human Rights Watch
Հայաստանի իշխող կոալիցիան 2012-ի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում պահպանեց խորհրդարանական մեծամասնությունը` վարչական ռեսուրսների չարաշահման, ընտրողների, դիտորդների և լրագրողների ահաբեկման մասին հնչող մեղադրանքների պարագայում: Այդ մասին 2013-ի հունվարին հրապարակած իր ամենամյա զեկույցում նշում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Հեղինակավոր կազմակերպությունը նկատում է, որ ոստիկանությունում ձերբակալված անձանց նկատմամբ շարունակվում են խոշտանգումները և վատ վերաբերմունքը, իսկ կառավարությունը «արդյունավետ կերպով չի քննել ոչ մարտական զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած մտահոգիչ քանակությամբ մահացության դեպքերը»:
Human Rights Watch-ն իր զեկույցում վկայակոչում է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) հոկտեմբեր ամսվա հաշվետվությունը, որտեղ նշվում է երկու բանտային հիմնարկներում գերբնակեցվածության, ոչ հիգիենիկ վիճակի և անհամապատասխան բժշկական խնամքի մասին: Այս զեկույցում նաև անդրադարձ է կատարվել Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստների գործի վերաբերյալ:
«Կառավարությունն արդյունավետորեն քննության չի առել ՀԱԿ յոթ ակտիվիստների բողոքն առ այն, որ վերջիններս ծեծի են ենթարկվել ոստիկանությունում 2011թ. օգոստոսին: Ակտվիստների փաստաբանները նույնպես բողոք էին ներկայացրել փաստելով, որ ոստիկանությունն արգելել է տեսակցել իրենց պաշտպանյալներին, մերժել է նրանց պահանջը ակտիվիստներին բժշկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ, յոթ ժամ շարունակ ձերբակալված է պահել փաստաբաններին, որի ընթացքում փաստաբանն ականատես է եղել, թե ինչպես է ոստիկանը ծեծում ակտիվիստներից Արտակ Կարապետյանին: Ակտիվիստները դատարանում վկայել են քննության ընթացքում տեղի ունեցած բռնության մասին, սակայն Երևանի դատարանն այդ առիթով չի պահանջել գործի հարուցում: Հուլիսին դատարանը չորս ակտիվիստներին` Կարապետյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին դատապարտեց երկուսից-վեց տարվա ազատազրկման խուլիգանության և պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով: Նոյեմբերին վճռաբեկ դատարանը որոշեց վճիռները թողնել անփոփոխ: Օգոստոսին մյուս երեքի գործերով ոստիկանությունը կարճեց քրեական գործը` ապացույցների բացակայության պատճառով», -նշվում է զեկույցում:
Զեկույցում լուրջ խնդիր չի համարվում լրատվամիջոցների դեմ քաղաքական դրդապատճառներով հարուցվող զրպարտության մեղադրանքով դատական գործերը:
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Եվրոպայում լրատվամիջոցների ազատության վերաբերյալ 2012թ.զեկույցը նշում է, որ հայ լրագրողների արտահայտման կարողությունները խոչընդոտվում են ինքնագրաքննության ճնշումներից և մտահոգություն է հայտնում հեռուստաընկերությունների կողմից լրատվական թողարկումներում քաղաքական գովազդի նյութերի օգտագործման կապակցությամբ», -ասվում է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: