ՀԿ-ները կպայքարեն` «Ընտանեկան բռնության մասին» օրենք ունենալու համար
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան այսօր բաց նամակ հղեց Հանրապետության նախագահին ու վարչապետին` արտահայտելով իրենց խորը հիասթափությունը «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծը կառավարության կողմից հավանության չարժանանալու կապակցությամբ:
Լրագրողների հետ հանդիպմանը նրանք նշեցին, որ չնայած Հայաստանում կան ընտանեկան բռնությունից հազարավոր տուժածներ, սակայն «ՀՀ կառավարությունը, այդ թվում պետական ու քաղաքական գործիչները, դեռևս պատշաճ ուշադրություն չեն ցուցաբերում այս հրատապ խնդրի նկատմամաբ»:
«Օրենքի նախագծի ընդունումը հետաձգելով, մենք կորցնում ենք շատ թանկարժեք ժամանակ և անմեղ մարդկանց բազմաթիվ կյանքներ»,-նշված է նամակում:
Մարդու իրավունքների պաշտպանի կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի ընդունումը անհրաժեշտություն է համարում մեր երկրի համար:
«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Վարդանյանը նշում է, որ կառավարությունը օրենքի ընդունումը համարել է ոչ նպատակահարմար, քանի որ այդ նախագծով նախատեսված դրույթները կներառվեն քրեադատավարական օրենսդրության փոփոխվելիք տարբերակում: Ս, Վարդանյանը համարում է, որ այդ դեպքում օրենքի նպատակը ոչ էե պատժելն է, այլ կանխարգելելը, ու այդ դեպքում օրենքը չի կարողանա լուծել իր առջև դրված խնդիրը:
«Մինչ այսօր մենք չունենք սահմանում, թե ինչ է ընտանեկան բռնությունը, կամ ով է համարվում զոհը»,-նշեց Վարդանյանն ու ավելացրեց, որ օրենքը մշակվել է դեռ 2005-ին, իսկ դրանից հետո անցել է փորձաքննությունների, վերամշակումների փուլը, շրջանառության մեջ է դրվել, արվել են գերատեսչությունների ներկայացրած փոփոխությունները:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լարա Ահարոնյանն ու «Կանանց աջակցման կենտրոն»-ի տնօրեն Մարո Մաթոսյանը նշեցին, որ օրենքի ընդունման պահանջով ստորագրահավաք են նախաձեռնելու, իսկ մարտի 7-ին կառավարության շենքի դիմաց մեծ ակցիա են նախատեսում անցկացնել:
«Մենք կոչ ենք անում կառավարությանը հստակ քայլեր ձեռնարկել և հանձն առնել այն պարտականությունների իրականացումը, որոնք արտահայտված են վերջին տարիներին ՀՀ կողմից վավերացվծ միջազգային տարբեր կոնվենցիաներում»,-նշեցին ՀԿ-ների ներկայացուցիչները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց հիմնահարցեր բաժնի պետ Արմենուհի Թանաշյանը Panorama.am-ին ասաց, որ օերնքում նշված մեխանիզմերը ներառվելու են քրեադատավարական օրենքգրքում: Նրա խոսքով, երկրորդ անգամ նախարարությունը նույն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի գա, անիմաստ են համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին