«Գոմեշի մսի» գործով ձերբակալվածների թիվը հասավ 2-ի
Հայաստանի պաշտպանության ուժերի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալված ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների թիվը հասավ 2-ի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Առայժմ պաշտոնյաների անունները չեն հրապարակվում:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր մեկ ձերբակալվածի մասին, որից հետո ձերբակալվել է մյուս պաշտոնյան:
Հիշեցնենք, որ փաստը հայտնաբերվել էր «Հետք» էլեկտրոնային կայքում տպագրված հոդվածի հետքերով և քրեական գործը հարուցվել էր այս տարվա հունիսին` բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա: Հենց այդ ժամանակ էր, որ աշխատանքից ազատվեց ՊՆ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը: Այնուհետև աշխատանքից ազատվել է նաև Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վարդան Թունյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Panorama.am-ը, այս քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի սկզբին մեղադրանք էր առաջադրվել և այժմ կալանավորված է Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, հենց Կապանի մսի կոմբինատն է բանակ մսի մատակարարը: Օհանջանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»:
Նշենք, որ Օհանջանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: