Պարույր Հայրիկյանի գործով Վարդան Սեդրակյանը հնարավոր է շուտով կալանավորվի
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին քիչ հետո կտեղափոխեն Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանքի սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում է դատարանի աղբյուրը:
Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի շրջանակներում նախաքննությունն իրականացնող ԱԱ ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շւրջանների ընդհանուր իրավասության դատարան Վարդան Սեդրակյանին կալանավորելու համար:
Այս պահին Սեդրակյանի հեռախոսահամարն անջատված է: Իսկ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Սեդրակյանին ձերբակալել են, որոնք սակայն, նույն ինքը` Սեդրակյանը հերքեց:
Նկատենք, որ եթե դատարանում տեղյակ են, որ Սեդրակյանը պետք է տեղափոխվի իրենց մոտ և որտեղ պետք է որոշվի կալանք կիրառելու հարցը, ապա դա նշանակում է, որ ԱԱԾ քննչական վարչությունը նրա նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրած լինի: ԱԱԾ լրատվական ծառայության պետ Արծվին Բաղրամյանից տեղեկությունը փորձելու համար մեր ջանքերը անցան ապարդյուն:
Հիշեցնենք` հունվարի 31-ին Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը:
Վերջինները մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել էին խոստովանական ցուցմունքներ:
Մասնավորապես, ձեռնարկված գործողությունների արդյունքում ձերբակալվածներից մեկի բնակարանում հայտնաբերվել էր «Նագան» տեսակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնագետների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը:
Բացի այդ, ինչպես տեղեկացրել էր ԱԱԾ լրատվական կենտրոնը, ձերբակալվածներն իրենց ցուցմունքներում նշել էին ինչպես դեպքի, այնպես էլ դրան նախորդող մի քանի օրերի իրադարձություններին վերաբերող մի շարք փաստական հանգամանքներ, որոնք լրիվ կամ մասնակի համընկնում են մինչև կասկածյալների ձերբակալումը ստացված այլ օբյեկտիվ տեղեկությունների, այդ թվում` տեսաձայնագրությունների, փորձագետների եզրակացությունների և ցուցմունքների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա