Ո՞ր փաստարկներն են ավելի շատ. ՍԴ-ն «հարցաքննում է» Հովհաննիսյանի ներկայացուցչին
Սահմանադրական դատարանին ներկայացրած Ձեր դիմումի մեջ ո՞ր փաստարկներն են ավելի շատ` Րաֆֆի Հովհաննիսյանին հաղթած թեկնածու համարելու մասին փաստարկնե՞րը, թե ընտրությունների արդյունքները անվավեր համարելու մասին փաստարկները: Այսօր Սահմանադրական դատարանում ընթացող նիստում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանին հարցրեց ՍԴ անդամ, գործով զեկուցող նշանակված Կիմ Բալայանը:
Վերջինն ասաց, որ դատարանը ցանկանում է կողմնորոշվել` ի վերջո որ փաստարկներն են ավելի գերակշռում, քանի որ ՍԴ-ից Հովհաննիսյանը պահանջում է կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ հաղթած թեկնածու համարել Րաֆֆի Հովհաննիսյանին:
Կարեն Մեժլումյանն ի պատասխան ասաց, որ երկու փաստարկներն էլ հավասար ներկայացված են և այդ պատճառով էլ իրենք դիմումի մեջ նշել են երկու պահանջները միաժամանակ:
ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը բավարարվա՞ծ է 1009 ընտրատեղամասերում ունեցած իր վստահված անձանց աշխատանքներով: Նշենք, որ ընտրատեղամասերի ընդհանուր թիվը եղել է 1988:
Մեժլումյանը պատասխանելով ասաց, որ եղել են ընտրատեղամասեր, որոնցում վատ են աշխատել վստահված անձինք, եղել են տեղամասերում, որտեղ նրանց նկատմամբ ճնշումներ են գործադրվել: «Այն տեղամասերում, որտեղ լավ են աշխատել Րաֆֆի Հովհաննիսյանը լավ արդյունքներ է ունեցել», -հավելեց Կարեն Մեժլումյանը:
Պատասխանը լրացրեց Հովհաննիսյանի մյուս ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը և ասաց, որ որևէ արդյունավետ մեխանիզմներ չեն գործել այդ օրերին ու եղած բողոքներին ընտրատեղամասային հանձնաժողովներում ընթացք չի տրվել:
Նշենք, որ ՍԴ-ում պատասխանող կողմը ներկայացված է ԿԸՀ-ն` ի դեմս ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի: Որպես երրորդ կողմ խնդրել է գործով ներգարվվել թեկնածու Սերժ Սարգսյանին, և նրան այստեղ ներկայացնում են Հրայր Թովմասյանն ու Դավիթ Հարությունյանը:
Նախորդող նորությունը՝ ՍԴ-ն մերժեց Ա. Ղուկասյանի միջնորդությունը