Փաստեր ունե՞ք. ՍԴ-ում ԿԸՀ նախագահի հարցերը մնում էին առանց կոնկրետ պատասխանների
«Դուք նշում եք, որ զինված ուժերը 100 տոկոսով, մասսայաբար մասնակցել են ընտրություններին, կարող եք մեկ փաստ ներկայացնել», -այսօր Սահմանադրական դատարանում դիմելով նախագահի նախկին թեկնածու, ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանին, հետաքրքրվեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Կարեն Մեժլումյանը փաստի գոյության կամ չգոյության մասին հստակ պատասխան չտվեց, այլ ուղղակի հիշատակեց ՍԴ նախկինում ընդունված որոշումներից մեկը, որի համաձայն «եթե մոտ 100 տոկոս ընտրող կա, ուրեմն զինված ուժերն են այդտեղ քվեարկել»: Մուկուչյանը պատասխանով չբավարարվեց և պնդեց հարցը` հիմա փաստ կա՞, թե՞ ոչ և խնդրեց գոնե մեկ տեղամաս նշել, որ զինված ուժերը 100 տոկոսով մասնակցել են քվեարկությանը:
«Ես այդ հարցին կանդրադառնամ հետո», -պատասխանեց փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Այնուհետև ԿԸՀ նախագահն անդրադարձավ Մեժլումյանի այն հայտարարությանը, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ չի կատարել ու հավելեց. «Կարո՞ղ եք նշել մի իրավանորմ, որի համաձայն ԿԸՀ-ն իրավունք ունի, իրավասու է վերահաշվարկ կատարել»:
«Կվկայակոչենք», -հնչեց Մեժլումյանի պատասխանը: Մուկուչյանը պնդեց հարցին պատասխանել այդ պահին, սակայն նիստը նախագահող Գագիկ Հարությունյանի միջամտությամբ պայմանավորվածություն եղավ այդ պահին պատասխանել այն հարցերն, որոնց պատասխանները կան ձեռքի տակ:
Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցչի դիմումին կից եղել է նաև «PFA» փորձագիտական հետազոտություն, և Տիգրան Մուկուչյանը Կարեն Մեժլումյանից հետաքրքրվեց «PFA»-ը քաղաքական կազմակերպությո՞ւն է, թե՞ ոչ, ո՞վ է դրա ղեկավարը, ով է տրամադրել եզրակացությունը: Կարեն Մեժլումյանը այդ հարցերին ոչինչ չպատասխանեց` նշելով. «Կոնկրետ չեմ հիշում: Ես դրանք վերցրել եմ նրանց կայքէջից»: Մուկուչյանն ասաց, որ դա դիմումին կցվել է որպես ապացույց, բայց առանց ստորագրության, ինչին Մեժլումյանը հակադարձեց, նշելով, որ ԿԸՀ կայքէջում տեղադրված որոշումները նույնպես ստորագրված չեն:
Նախորդող հրապարակումներ. Ո՞ր փաստարկներն են ավելի շատ. ՍԴ-ն «հարցաքննում է» Հովհաննիսյանի ներկայացուցչին
Ինչո՞վ եք զբաղված այստեղ. ՍԴ անդամը` Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցչին