Խաչիկյանի գործով ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանը աննախադեպ չափի գրավ առաջարկեց
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող սոցապ ծառայության նախկին պաշտոնյա, Հանրապետական կուսակցության անդամ Վազգեն Խաչիկյանի գործով դատական նիստի ընթացքում նույն գործով անցնող ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի փաստաբան Արա Զաքարյանը միջնորդություն ներկայացրեց` առաջարկելով գրավով փոխարինել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը:
Նա առաջարկեց իր խոսքով, աննախադեպ չափի գրավ` ընդհանուր առմամբ 296 մլն դրամ, որից 10 մլն-ը գումարի տեսքով, իսկ մնացածը անշարժ գույք: «Պաշտպանական կողմը խոստանում է, որ Հովհաննես Գրիգորյանը չի խուսափի դատաքննությունից և չի խոչընդոտի դատաքննությանը», -միջնորդությունը ներկայացնելիս հայտարարեց փաստաբան Արա Զաքարյանը:
Դատարանում մյուս ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները չառարկեցին միջնորդությանը: Ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նկատեց, որ եթե Հովհաննես Գրիգորյանը խուսափի դատաքննությունից և խախտի գրավի պայմանները, ապա գրավադրված գումարն ու գույքը կանցնեն պետության տնօրինման տակ:
Արա Զաքարյանի ներկայացրած միջնորդությանը առարկեց մեղադրող կողմը. դատախազ Ենոքյանը հայտարարեց, որ հիմնավոր չէ այն ենթադրությունը, թե Հովհաննես Գրիգորյանը չի թաքնվի դատաքննությունից, ազդեցություն չի գործադրի տուժողների վրա և չի խոչընդոտի դատաքննության ընթացքին: Դատախազը նաև հայտարարեց, որ Հովհաննես Գրիգորյանի գույքի վրա արգելանք է դրված:
Արձագանքելով դատախազի ներկայացրած առարկությանը Արա Զաքարյանը նախ զարմացավ, որ իր ներկայացրած գրավոր միջնորդությունից անմիջապես հետո մեղադրող կողմը կարողացավ մի քանի էջանոց գրավոր առարկություն կազմել, ասաց, որ ներկայացրած առարկությունը ոչ մի աղերս չունի դատարանում քննվող գործի հետ ու հետո պաշտոնապես հայտարարեց, որ որպես գրավ ներկայացվող անշարժ գույքի վրա կալանք դրված չէ: «Դրանք Հովհաննես Գրիգորյանի հարազատների ու բարեկամների բնակարաններն ու սեփականությունն են, և նրանք բոլորն էլ գիտեն, որ եթե իմ պաշտպանյալը խախտեց պայմանները, ապա դրանք բոլորը կանցնեն պետության տնօրինման տակ», -հայտարարեց Արա Զաքարյանը:
Այս գործով դատավոր Մխիթար Պապոյանն այժմ խորհրդակցական սենյակում է, և միջնորդությունը բավարարել-չբավարարելու մասին որոշումը կհրապարակվի ժամը 15:00-ին: