Պռոշյանի գյուղապետի սպանության գործով վկաներ են հարցաքննվել
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, Հրաչ Մուրադյանի հագուստի վրա հնարավոր կրակոցի հետքեր, արգասիքներ, մանրաթելեր, քաշքշուկի հետքեր հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաքիմիական, դատաձգաբանական, դատահետքաբանական և միկրոմասնիկային համալիր փորձաքննություն: Հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են բազմաթիվ վկաներ:
Սպանության գործի հետագա նախաքննությունը իրականացնում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 2-ին, ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է նույն գյուղի գյուղապետ, 1963 թ. ծնված Հրաչ Մուրադյանի դիակը:
Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Հրաչ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակած հրազենային վնասվածքից: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: