Խաչիկյանը պնդում է, որ մեղավոր չէ
Այսօր շարունակվող սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ, որն այս անգամ ընթացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Խաչիկյանը հայտարարեց, որ ինքը մեղավոր չէ և չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը:
«Առաջադրված մեղադրանքում դուք ձեզ մեղավոր չե՞ք ճանաչում», -այսօր դատական նիստի ժամանակ Խաչիկյանից հետաքրքրվեց դատավոր Մխիթար Պապոյանը: «Ոչ: Ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ հիմա եմ պնդում, որ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում», -հնչեց պատասխանը:
Մեղադրող դատախազ Հովհաննես Ենոքյանը, ներկայացնելով մեղադրական եզրակացությունը, դատարանում դեռևս նախորդ նիստի ժամանակ հայտարարել էր, որ հափշտակությունը պետական բյուջեից կատարվել է կազմակերպված խմբով, որը ղեկավարել է հենց Խաչիկյանը: Այսօր շարունակված նիստում Խաչիկյանը, որը իրավաբանական կրթություն ունի, հայտարարեց նաև, որ իր համար անհասկանալի է մեղադրական եզրակացության այն հատվածը, թե ինքը տեղյակ է եղել, որ հափշտակություն է կատարվել ու կազմակերպել է այն:
Դատախազ Ենոքյանը պարզաբանեց, որ առանձնապես խոշոր չափերի հաշփտակությունները կատարվել են հաշվի առնելով գործով անցնող յուրաքանչյուր մեղադրյալի` համակարգում ունեցած դերը: Խաչիկյանն այնուամենայնիվ, հայտարարեց, որ դատավարության մյուս փուլերում կներկայացնի իր գնահատականները և խոստացավ ապացուցել իր անմեղությունը:
Այնուհետև մեղադրող դատախազը ներկայացրեց գործով մյուս ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի մեղադրական եզրակացությունը: Աբրահամյանը ևս հայտարարեց, որ չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը:
Երբ ավարտվեց նաև մյուս ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի մեղադրական եզրակացության ընթերցումը, նրա փաստաբան Արա Զաքարյանը հայտարարեց, որ իրենց համար հասկանալի չէ ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածով առաջադրված մեղադրանքի էությունը: Զաքարյանի խոսքով, մեղադրանքն անորոշ է, հայտնի չէ ինչից պետք է պաշտպանվել և չի կարող համարվել օրինական:
Առաջադրված մեղադրանքում իրեն ամբողջությամբ մեղավոր ճանաչեց ամբաստանյալ Արթուր Սուքիասյանը:
Նշենք, որ նախորդ անգամ Խաչիկյանի և մյուսների դատական նիստն անցկացվում էր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Սակայն փաստաբաններն ու լրագրողները դժգոհել էին դահլիճի նեղ լինելու համար, և Դատական դեպարատամենտի միջնորդությամբ, դատական նիստերն այսուհետև անցկացվելու են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը յուրացրել են ընդհանուր առմամբ ՝ 260 մլն 956 հազար 681 դրամի կենսաթոշակ։
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջեի վերականգնմանը ենթակա 29 մլն ՀՀ դրամ գումար:
Խաչիկյանի գործ. Դատարանը չընդունեց աննախադեպ գրավը
Խաչիկյանն իր ծննդյան օրն անցկացնում է դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում