Վարդան Սեդրակյանի մեղադրանքը խստացվել է, իսկ պաշտպանը բավարարվում է «sms»-ներ տարածելով
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: Այդ մասին տեղեկացնում է Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը՝ հիշեցնելով, որ նախորդ մեղադրանքն առաջադրված է եղել Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածներով:
Panorama.am-ի թղթակիցը փորձեց Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանից հստակեցնել, թե մասնավորապես 38 հոդվածի, որը սահմանում է հանցակիցների տեսակները, որ կետով է մեղադրվում Սեդրակյանը և արդյոք դա նշանակում է, որ նրա պաշտպանյալի մեղադրանքը խստացվել է: Սակայն Սիրունյանի բջջային հեռախոսից հաղորդագրություն եկավ հետևյալ բովանդակությամբ՝ «Վարդան Սեդրակյանի վերաբերյալ նորությունները մեր ֆեյսբության էջում են»: Այսքանը:
Իսկ մինչ պաշտպանը չի պատասխանում մեր հարցերին, հեռախոսազանգերին փորձեցինք մեր ընթերցողներին ներկայացնել առաջադրված մեղադրանքներով քրեական հոդվածների սահմանումները:
Քրեական օրենսգրքի 34 հոդվածը հանցափորձի մասին հոդվածն է, որով նշվում է, որ «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»:
38 Հոդվածը` ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:
2. Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ:
3. Կազմակերպիչ է համարվում այն անձը, ով կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը, ինչպես նաև ստեղծել է կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն կամ ղեկավարել է դրանք:
4. Դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշ անձի դրդել է հանցանք կատարելու` համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով:
5. Օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները:
ՀՈԴՎԱԾ 305. ՊԵՏԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով` պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: