«Կարող ա՞ վաղն ինձ զրպարտանքի մեջ մեղադրեն». Լրագրողը պատմել է կատարվածը
Նոր Նորքում նախօրեին Տարոն Մարգարյանի քարոզարշավի լուսաբանման ժամանակ «iLur»- ի լրագրող Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է կատարվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Էսօր ինձ հետ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ գլուխս սառել էր արդեն, զգացի, որ վախենում եմ, թե վաղն ինձ կմեղադրեն զրպարտության մեջ:
Որովհետեւ այն ինչ տեղի ունեցավ, անպատկերացնելի էր: Ուրեմն` 100 հոգու, մեծ ու փոքրի ներկայությամբ ինձ քաշքշում են, հարվածում են, հայհոյում են, ձեռքիցս տեսախցիկը խլում են, ու հավաքված մեծուփոքրերից ՈՉ ՈՔ չի միջամտում: Թաղի կնանիքից ոչ ոք չի ասում "Այ ձեր մերը չմեռնի, էս ի՞նչ եք անում": Մոտիկ կանգնած ոստիկանության ՄԱՅՈՐԸ չտեսնելու է տալիս` ոչ մի բան չի կատարվում, երեխաները դեղին փուչիկներով խաղում են, երաժշտություն է հնչում: Ու երբ որ մոտենում եմ սրան, (մի 60-ն անց մարդ էր), գոռում եմ` պարոն մայոր, ակնոցս ու՞ր ա (քաշքշուկի ժամանակ ակնոցս ընկել էր, ու էդ պահին էդ էր ամենամեծ խնդիրս), ասում ա` նորմալ ա ապեր ջան, հանգստացի: Ու հետո մոտենում ա Տարոնի լրատվական ծառայության պետ Արթուր Գեւորգյանն ու սկսում ա ինչ-որ դավադրական տեսություններ ներկայացնել ԻՐԵՆՑ թեկնածուի դեմ սադրանքի մասին, որ սա փորձ է` հարվածելու իշխանությունների հեղինակությանը (բնական է չէ՞. Տարոնի դեմ քննադատական նյութեր դնող լրատվամիջոցի լրագրողին ինչ-որ մութ ուժեր ծեծել են, որ անունը դուրս գա, թե Տարոնն իրեն քննադատողներին պատժելու համար մարդ է ուղարկում:
Անձամբ ես իմ անձի մասին ավելի համեստ կարծիքի եմ, ու կարծում եմ, որ ինձ վրա հարձակվողներից ոչ ոք ինձ չէր ճանաչում): Երբ դեպքից հետո տարիքն առած մի կին ամոթանք էր տալիս ինձ` թե ինչի ես եկել մարդկանց տոնը փչացնում, ո՞վ ա քեզ ուղարկել (վերաձեւակերպելով 'էկել ես, որ ի՞նչ անես'-ը): Երբ որ հետո պարզում եմ, որ ինձ հարվածողը Երեւանի ավագանու անդամ է ՀՀԿ-ից: Երբ ձեռքիս համարին զանգում ա Ջրվեժի ոստիկանապետ Գալստյանը (թե՞ Գասպարյան) ու խորհուրդ տալիս մոտենալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին ու պատմել ԻՄ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ մասին, ասում եմ` հարգելիս, ախր, դեպքը ոստիկանի ներկայությամբ ա տեղի ունեցել, դեպքից հետո տարածք են եկել մի քանի ուրիշ ոստիկաններ` ՊՊԾ մեքենայով, ու դրանցից յուրաքանչյուրը, որ մոտենար էնտեղ ցանկացած մատնաչափ երեխայի, հարցներ` էսօր էստեղ ու՞մ են տփել, կպատասխանեին, որ էէէն թրաշով ակնոցավոր տղուն:
Ասում ա` դե գիտեք, ինչ կա, հազար բան կարող ա պնդեք, եթե բողոք ունեք, գնացեք, դիմեք ոստիկաններին, կամ եկեք բաժանմունք, բացատրություն վերցնենք, պարզենք` ինչ ա եղել: Երբ տարածքում մի 'սաղ' լրագրող եմ փնտրում, չեմ գտնում, որ դարդս պատմեմ, մենակ` Երեւան ՏՎ-ի վախվորած աջկան, որ պատառոտված շորերս տեսնելով փախավ կողքիցս: Ու էդ ամեն ինչը "Երեւանը դու ես, սիրո մայրաքաղաք եւ այլն" երգերի հնչյունների տակ: Սկսում եմ վախենալ, կարող ա՞ վաղն ինձ զրպարտանքի մեջ մեղադրեն: Եսի՞մ: Կարող ա»:
Հարակից հրապարակում. ՀԱԿ-ի հայտարարությունը լրագրողի նկատմամբ կատարված բռնության դեպքի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները