Վ. Գասպարյան. Զոռբայությունն այլևս Հայաստանում և Գյումրիում չի լինելու
«Գյումրիում ունենք երկու կլան, որոնք, չգիտեմ ինչու, շատ երկար տարիներ արյունահեղություններով, ջարդուփշուրներով, զոռբայություններով իրենցն են թելադրում: Չի լինի այլև, ավարտվեց դարաշրջանը. զոռբայությունն այլևս Հայաստանի Հանրապետությունում և Գյումրիում չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր փորձելու են զենքով, զոռբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվեն, կամ ինքնահաստատվածները, բոլորը կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն այն մարդիկ, ովքեր զենքով և արյունով են լուծում խնդիրները», - «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Գյումրու բաժնում այսօր անցկացրած խորհրդակցության ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա նշել է, որ Գյումրիում շատ ավելի խնդիր ունեն, քան Երևանում, քան մյուս տեղերում: «Այստեղ [Գյումրիում] յուրահատկություն կա: Այստեղ երկու կլան են… Այս դեպքով էլ զանգում են իմ առաջին տեղակալին պատգամավոր մարդիկ, պաշտոնատար անձինք, ասում են, որ բերման եք ենթարկել, իրենք բանավոր պատմեն, բայց չգրեն…Իմ տեղակալին ասել եմ` փոխանցեք այդ պատգամավորներին եւ այլն երևույթներին, որ մաստները որն է` գողական են, պատգամավոր են, պաշտոնատար անձ են, թող կողմնորոշվեն իրենք ով են, նոր նման հարցեր բարձրացնեն… Դրանից հետո ես զանգահարել եմ և տղաներին ասել եմ` կվերցնեք ցուցմունքները, բանավոր կխոսեն` կձայնագրեք, հիմք կստեղծեք: Չի լինի այլևս այդպես: Կամ այս երկու կլանները խելքները գլուխները կհավաքեն, կապրեն հասարակությանը համահունչ, կամ չեն ապրի հասարակության մեջ, կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն: Եվ սա վերջնական է»,- ասել է ոստիկանապետը:
Նա հավաստիացրել է, որ դրա համար անհրաժեշտ վճռականությունը և հնարավորությունները կան. «Ես գտնում եմ, որ այդպիսի գործողություններով միայն մենք կկանխենք [նոր հանցագործություններն] ու կփրկենք մարդկանց կյանքերը: Եվ այս ժողովուրդը կխաղաղվի վերջապես»:
Լրագրողների դիտարկմանը, որ Գյումրիում մտավախություն կա, որ երկու օր առաջ Գյումրիում կատարված միջադեպը http://panorama.am/am/law/2013/04/25/gyumri/ շարունակություն կունենա, Գասպարյանն ասել է. «Ես համոզմունք ունեմ, որ նման դեպքերը շարունակություն են ունենում, երբ մենք չենք անում կանխարգելիչ միջոցառումներ եւ չենք աշխատում: Նման պրակտիկան այլեւս չի լինելու այստեղ: Քիչ առաջ ես խորհրդակցում էի ղեկավարության հետ և դրել եմ կոնկրետ խնդիրներ. բոլոր նրանք, ովքեր այսպես ասած թիմ են կազմում այս կամ այն կլանի, այս կամ այն խմբավորման, մեր կողմից անընդհատ լինելու են հսկողության տակ: Ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե դեռ շարունակելու են այսպես, հասկանան, որ իրենց օրերը հաշվված են: Այդ երևույթներին, որ մտածում են նույն ձևով կշարունակեն… այ արտագաղթը դրանց համար կլինի: Այ այդ արտագաղթը ես կկազմակերպեմ: Բայց այս երկրում այլեւս չեմ հանդուրժելու նման բան»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները