Փաշինյանը ոստիկանապետին փոխանցել է, որ ինքը նույնպիսի «արա»-ով պատասխան կտա նրան
Այսօր Ազգային ժողովում քննարկվող հարցի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից հետաքրքրվեց, թե արդյոք նա՞ է եղել այն տեղակալը, որին Գյումրիի դեպքից հետո զանգել են և ովքե՞ր են եղել զանգահարողները:
Այնուհետև դիմելով փոխոստիկանապետին, հայտարարեց. «Ոստիկանապետը իրեն թույլ է տվել այսպիսի արտահայտություն` «դուք պատգամավոր ե՞ք, թե՞ գողական, արա»: Այդ երբվանի՞ց է ՀՀ ոստիկանության պետը պատգամավորների հետ խոսում «արա»-ով: Ես սա հատուկ եմ շեշտում, որովհետև եթե նա շեշտեր անուն-ազգանունը, դա կլիներ ուրիշ իրավիճակ: Բայց եթե նա չի շեշտում անուն-ազգանունը, նա «արա»-ով դիմում է կարգավիճակին, այսինքն` Ազգային ժողովի պատգամավորներին: Ես խնդրում եմ, որ դուք ոստիկանության պետին` Ձեր ղեկավարին փոխանցեք, որ եթե հաջորդ անգամ ինքը կխոսի կարգավիճակի մասին և «արա»-ով, ապա կարող եք ասել, որ Ազգային ժողովի պատգամավոր Փաշինյանը ասաց, որ ինքը նույնպիսի «արա»-ով պատասխան կտա ոստիկանապետին ու ընդհանրապես, ցանկացած մեկին: Եթե կա «արա» ու գողական Ազգային ժողովում, ապա ոստիկանապետը թող բարի լինի, այդ անունները հրապարակի, որպեսզի բոլորին ամեն ինչ պարզ լինի: Հակառակ դեպքում, եթե նման ոճը կրկնվի, և այդպիսի ասելիքը տարածվի կարգավիճակի վրա, կրկնում եմ, որ ես ինքս պարտավորվում եմ ոստիկանության պետին արժանացնել համարժեք պատասխանի»:
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն ասաց, որ այդ փոխոստիկանապետը ինքը չի եղել և չգիտի, թե որ պատգամավորներն են եղել զանգահարողները: Այնուհետև փոխոստիկանապետը կոռեկտության կոչ արեց, նշելով. «Կոռեկտության սահմանները պետք է պահպանել: Եղել է համապատասխան արձագանք կոնկրետ իրավիճակից ելնելով»:
«Կարծում եմ, որ կոռեկտության կոչ անելու որևէ հիմք չունեիք և հույս ունեմ, որ դուք կոռեկտության կոչը կփոխանցեք Ձեր ղեկավարին», -իր հերթին արձագանքեց Փաշինյանը: