Տոնուսի Աշոտը «քցե՞լ» է բնակիչներին. Նորակառույց բնակելին գրավի տակ է, քաղաքացիները` անհույս
Շուրջ 150 բնակիչներ, որոնց հետ «Տոնուս Construction» ընկերությունը բնակարանի վաճառքի վերաբերյալ պայմանագիր է կնքել, մտավախություն ունեն, որ չեն ստանա նորակառույց շենքում իրենց գնած բնակարանները: Պայմանագիր կնքած բնակիչներից Գայանե Արաբյանը, որը պահանջվող 13 մլն 600 հազար դրամի մեծ մասը վճարել է և մնացել է վճարելու 970 հազարը, մտավախություն ունի, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասում գտնվող նորակառույց շենքում չի ստանա իր բնակարանը, քանի որ իրենք տեղեկացել են, որ 85 տոկոսով կառուցված 15 հարկանի բնակելի շենքը «Արցախբանկում» գրավի տակ է:
««Տոնուս» ընկերության հետ պայմանագիրը կնքել ենք դեռ 2006 թվականից, հա ձգում-ձգում էին, ժամկետներն ավելացնում, էն ժամանակ քառակուսի մետրը գնեցինք 500 դոլարով, հետո բարձրացրին գինը: Բնակիչների 90 տոկոսը պայմանագրով նախատեսված գումարն էլ վճարված է», - Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց տիկին Գայանեն` նկատելով, որ վերջնական գումարը կստանան անշարժ գույքի պետական կադաստրի կողմից սեփականության վկայականը ստանալուց հետո:
«Տոնուս Construction»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Տոնոյանին (հայտնի է «Տոնուսի Աշոտ» մականունով), և բնակիչները ձեռնունայն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ընկերության գրասենյակի դիմաց:
«Շենքի պատուհանները մինչև ութերորդ հարկ դրված են, մեջն ամեն ինչ արված ա, ճիշտ ա վերև` մինչև 15-րդ հարկ չի հասել, բայց ներսում մինչև յոթերորդ հարկն արված ա ու հիմա մենք անակնկալի ենք եկել` իմանալով, որ շենքը հիմա գտնվում է «Արցախբանկում» գրավի տակ», փոխանցեց Գայանե Արաբյանը: Նրա խոսքով, այսօր հանդիպել են ընկերության ղեկավարության հետ, որտեղից իրենց ասել են, թե կան առողջացման ծրագրեր և հանգստացրել են բնակիչներին: Սակայն վերջինները այսօր երեկոյան ժամը 20-ին դարձյալ հավաքվելու են իրենց հետագա ծրագրերը մշակելու համար:
Բողոքող քաղաքացիների հետ Աշոտ Տոնոյանն անմիջապես չի հանդիպել. նրանց հետ խոսել են ընկերության ներկայացուցիչները:
«Մեզ ասացին, որ եթե առողջացման ծրագրեր կատարեն, ապա լավագույն դեպքում մեր տված չոր գումարները կվերադարձնեն: Բայց իմ տված գումարը 4 տարվա ընթացքում եթե ես ոչինչ չանեի ու դնեի բանկ, բավականին կավելանար», -ասաց մտահոգված կինը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին