«Էպոսագետի» նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց. Սեդրակյանը բարձր տրամադրություն ուներ (լուսանկարներ)
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ մեկնարկեց «էպոսագետ» Վարդան Սեդրակյանի և մյուսների դատավարությունը: Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը դատարանի դահլիճ մտավ ձեռնաշղթաներով, հայացքով փնտրեց կնոջը և փաստաբանի օգնությամբ նրան գտնելուց հետո, շատ ուրախացավ ու սկսեց հեռակա շփվել նրա հետ:
Կողմերի համաձայնություն տվեցին, որ այս դատական նիստը շարունակվի առանց Պարույր Հայրիկյանի մասնակցության: «Այս դատական նիստը կարող է շարունակվել առանց Պարույր Հայրիկյանի մասնակցության, սակայն մյուս դատական նիստերում նրա մասնակցությունը պարտադիր է», -հայտարարեց Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:
Սակայն նոր մեկնարկած նիստը հետաձգվեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի` պաշտպան չունենալու պատճառաբանությամբ. Ամբաստանյալն ասաց, որ ինքը գումար չունի և չի կարողացել փաստաբան վարձել և որոշվեց Պողոսյանի պաշպանության գործին անվճար հիմունքներով ներգրավել Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններից մեկին: Հաջորդ նիստը կկայանա մայիսի 20-ին:
Նշենք, որ Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։
Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերել` 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:
Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:
Լուսանկարներն` այստեղ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան