Դավիթաշենցիների շենքը կառուցելու համար «Տոնուս»-ը վարկ է վերցրել «Արցախբանկ»-ից. Մանրամասներ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Տոնոյանի ղեկավարած «Տոնուս» ընկերության կողմից դավիթաշենցիների համար կառուցվող բնակելի շենքը «Արցախբանկ»-ում գրավ դնելու վերաբերյալ մեր հրապարակմանը բանկից պատասխանել են, որ «Տոնուս»-ը շենքը կառուցելու համար իրենց մոտից վարկ է վերցրել` այն գրավ դնելով:
«Արցախբանկ»-ից Panorama.am-ին տեղեկացնում են հետևյալը. «13.05.2013 թվականին Հայաստանի էլեկտրոնային տարբեր մամուլի էջերում հայտնվեցին հրապարակումներ, որտեղ շոշափվում է «Արցախբանկ» ՓԲ ընկերության անունը` կապված «Տոնուս» ՍՊ ընկերության և նրա հաճախորդներ հանդիսացող անձանց տարաձայնությունների հետ: Մասնավորապես, «Տոնուս» ՍՊ ընկերությունը, որ շինարարական կազմակերպություն է, բնակարանների վաճառքի նախնական պայմանագրեր է կնքել քաղաքացիների հետ, նրանցից ստացել է վճարումներ, և խոստացել է վճարումների դիմաց, իր կողմից կառուցվող շենքում, տրամադրել բնակարաններ: Իսկ «Արցախբանկ» ՓԲ ընկերության հետ կառուցապատող «Տոնուս» ՍՊ ընկերությունը կնքել է վարկային պայմանագիր` հենց նույն շենքը կառուցելու համար վարկ ստանալու համար, ինչպես նաև գրավի պայմանագիր` ի երաշխավորումն իր վարկային պարտավորությունների: Գրավադրվել է այն շենքը, դեռ կիսակառույց վիճակում, որտեղ «Տոնուս»-ի գնորդներին պետք է հատկացվի բնակարաններ:
Բանկի և «Տոնուս» ՍՊ ընկերության միջև կնքված վարկային և գրավի պայմանագրերը համապատասխանում են գործող ՀՀ օրենսդրությանը, այդ պայմանագրերով կառուցապատողին տրամադրված վարկային միջոցներն ուղղվել են շենքը կառուցելուն:
Նշված պայմանագրերը կնքելիս «Տոնուս» ՍՊ ընկերությունը, հենց պայմանագրերի տեքստում, հավաստիացրել ու պարտավորվել է, որ շենքի նկատմամբ երրորդ անձանց (օրինակ` քաղաքացիների) հավակնություններ ու պահանջներ չկան և այդպիսիք ստեղծելու գործողություններ ընկերությունը, որպես գրավատու, չի ձեռնարկի: Նման իրավիճակում Բանկը որևէ կերպ չէր կարող տեղյակ լինել դեռ չկառուցված բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի, դրանց հիմքով կատարված վճարումների ու դրանցից բխող իրավունքների մասին: Նախնական պայմանագրերը, դրանց հետ կապված վճարումները վերաբերվում են միայն և բացառապես այդ պայմանագրերի կողմերին, հետևաբար, բանկը, որպես վարկատու և գրավառու, գրավի առարկայի հաշվին որևէ պատասխանատվություն չի կարող կրել գրավատուի գործողությունների համար: Ավելին, Բանկը պարտավոր է հանրային միջոցներով տրամադրված վարկի գումարն ապահովել գրավով` ըստ պայմանագրի պայմանների:
«Արցախբանկ» ՓԲ ընկերությունը որևէ մեկնաբանություն չունի` «Տոնուս» ՍՊ ընկերության և նրա գնորդների միջև կնքված նախնական պայմանագրերի առնչությամբ, քանի որ դրանք Բանկին չեն վերաբերվում»:
Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր բնակիչների խնդրին և տեղեկացրել, որ շուրջ 150 բնակիչներ, որոնց հետ «Տոնուս Construction» ընկերությունը բնակարանի վաճառքի վերաբերյալ պայմանագիր է կնքել, մտավախություն ունեն, որ չեն ստանա նորակառույց շենքում իրենց գնած բնակարանները:
Նախորդող հրապարակում. Տոնուսի Աշոտը «քցե՞լ» է բնակիչներին. Նորակառույց բնակելին գրավի տակ է, քաղաքացիները` անհույս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին