Նոյեմբերյանում մահացած զինծառայողի դին հայրը բերում է կառավարության դիմաց
Օրերս Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը` Իշխան Ստեփանյանը, որոշել է որդու դին դագաղով բերել կառավարության առջև` ի նշան բողոքի: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հարազատներն ասացին, որ դեպի Երևանի ճանապարհին ոստիկանները թույլ չեն տվել շարունակել, բայց նրանց հաջողվել է դուրս գալ «նրանց ձեռքից» և այժմ Սևանի ճանապարհին են: «Ամբողջ գյուղն է ոտքի ելել», -ասաց հարազատներից մեկը:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում և ընդունվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:
Լյուքս Ստեփանյանը Գեղարքունիքի մարզի Մարտունիի շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ էր: Մահացած զինծառայողի հարազատները կարծում են, որ իրենց Լյուքս Ստեփանյանը միջադեպում մեղք չի ունեցել։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան