Փաստաբանները կրկին գործադուլ են անելու. «Խնդիրը օրենքի սխալ կիրառության մեջ է»
Հունիսի 11-12-ին Փաստաբանների պալատի մոտ 50 փաստաբանների նախաձեռնությամբ իրականացվելու է գործադուլ, որի միջոցով իրենց բողոքն են արտահայտելու ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի: Այս մասին ասուլիսում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, վճռաբեկ բողոքները առանց պատճառաբանության կամ ոչինչ չասող պատճառաբանությամբ վերադարձվում են, այսինքն` վճռաբեկ վարույթն անկանխատեսելիության առումով մնացել է նույնը նախորդ տարվա հունիսի 11-ի գործադուլից հետո, երբ փաստաբանները կրկին ակցիա էին արել` բարձրաձայնելով նույն հարցը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսի 11-ին Հայաստանի ավելի քան 500 փաստաբաններ մեկօրյա գործադուլի միջոցով իրենց բողոքն ուղղեցին ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի:
«Այս մեկ տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել, վճռաբեկ դատարանի գործելակերպը շարունակում է մնալ նույնը: Մեր գլխավոր նպատակն է հանրությանն ու իշխանությանը ցույց տալ, որ մենք խնդիրներ ունենք: Եթե խնդիրը լուծողները կարծում են, որ խնդիրը կլուծվի օրենսդրական փոփոխություններով, բարեփոխեք, նույն կարծիքին են փաստաբանների մի մասը: Բայց մենք կարծում ենք, որ խնդիրը օրենքի սխալ կիրառության մեջ է: Մենք պահանջում ենք մոտեցումների փոփոխություն»,- ասաց փաստաբանը:
Նրա դիտարկմամբ, օրենսդրական փոփոխությունները հեռահար են, «բայց խնդիրը հենց հիմա է ու այս պահին կարող է լուծում ստանալ առանց օրենսդրական փոփոխությունների»:
Հայկ Ալումյանի կարծիքով, եթե վճռաբեկ դատարանի արատավորված մտածելակերպը փոխի, Եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի ավելի քիչ որոշումներ կընդունվեն:
Փաստաբան Նարինե Ռշտունին նշեց, որ իրավական որոշակիության սկզբունքը, որը պարտադիր է, իրենք այսօր չունեն. «Մենք չգիտենք` առաջին ատյանը, երկրորդ ատյանն անցելուց հետո արդյոք բողոքը կհասնի վճառաբեկ, ինչ արդյունք կլինի»:
Փաստաբան Արա Զաքարյանի դիտարկմամբ, վճռաբեկ դատարանի կամայականությունների հետևանքով տուժած է դուրս գալիս ամբողջ հասարակությունը:
Փաստաբան Գևորգ Դավթյանի խոսքով, ցանկացած խախտում հենց առաջին ատյաններից է սկսվում, իսկ վճռաբեկ դատարանը պետք է պատասխանատու լինի: Ըստ նրա, վճռաբեկ վարույթը մերժելու որոշումները շատ հաճախ «քոփի-փաստ» են արվում, երբեմն մոռանում են նույնիսկ անունները փոխել:
Նախորդող նորություն` Հունիսի 10-ին նոր գործադուլ. Փաստաբանները դարձյալ ոտքի են կանգնում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները