Ընդդիմությունը բողոքում է` «Ա-զա-տու-թյուն», իսկ Ժան Կլոդ Մինյոնը դա նորմալ է համարում` «Ես էլ եմ ընդդիմություն» (լուսանկարներ)
«Ա-զա-տու-թյուն, Ա-զա-տու-թյուն» վանկարկումներով Հայ Ազգային կոնգրեսի կողմնակիցների ամենուրբաթյա ակցիան այսօր տեղափոխվել էր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ, որի ներսում առավոտից ընթանում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստը:
«Եկել եք ստեղ, որ ի՞նչ անեք», «Մենք ազատ հեռուստաընկերություն ենք ուզում», «Դադարեցրեք ճնշումը», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Մի հովանավորեք բռնապետին» գրությամբ պաստառներով ՀԱԿ կողմնակիցները եվրոպացի հյուրի ուշադրությունն էին փորձում դարձնել հայաստանյան այդ խնդիրների վրա: Բացի ՀԱԿ կողմնակիցներից, հյուրանոցի դիմաց արդար քննություն էին պահանջում նաև բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը:
«Մենք երկրում ունենք քաղբանտարկյալ` Տիգրան Առաքելյանն է և այդ փաստին որևէ արձագանք չկա: Մարտի 1-ի մասով Եվրոպայի խորհրդի որևէ հանձնարարական չի կատարվել, սպանությունների հեղինակները չեն բացահայտվել և բացի այդ իշխանությունները տորպեդահարում են մարտի 1-ի բացահայտմանն ուղղված քայլերը»
Քաղբանտարկյալի գոյության մասին հյուրանոցի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների հայտարարությունների վերաբերյալ Panorama.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնն ասաց, որ հարցին պատասխանելիս պետք է հիմնվի ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցների վրա, որոնք հրապարակվում եմ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի իմացությամբ: «Ցանկացած դատավճիռ պետք է օրենքի հիման վրա լինի և մենք բոլոր անդամ երկրներին կոչ ենք անում կատարել օրենքի պահանջները և մենք` ինքներս էլ օրինակ ենք ծառայում: Իսկ ընդդիմության ակցիաները նորմալ են: Շատ երկրներում են ընդդիմադիրները բողոքի ակցիա կազմակերպում: Մենք ուզում ենք, որ խոսքի ազատությունը հարգվի, մամուլն ազատ լինի», -հավելեց ԵԽԽՎ նախագահը:
Նայելով իր ճեպազրույցին ներկա լրագրողներին, Մինյոնն ասաց, որ զգում է` Հայաստանում մամուլն ազատ է: «Կա մեծամասնություն, կա փոքրամասնություն, եղել են ընտրություններ և որոշ մարդիկ երջանիկ են, որոշները` ոչ: Օրինակ, իմ կուսակցությունը նախկինում իշխում էր Ֆրանսիայում, իսկ այժմ ես ընդդիմություն եմ, և ինչպես տեսնում եք, ես ինձ լավ եմ զգում: Եվ շատ նորմալ է, որ կա ընդդիմություն, կա մեծամասնություն: Ի վերջո, փոքրամասնությունը ստիպում է մեծամանսությանը լավ աշխատել, և չունենալով ընդդիմություն, չի լինի ժողովրդավարություն», -նշեց ԵԽԽՎ նախագահը:
Մեր հարցին, թե ինչու են փորձում եվրոպացի հյուրերի ուշադրությունը հրավիրել խնդիրների վրա, եթե Ժան Կլոդ Մինյոնն ասաց, որ նորմալ է, երբ նման ակցիաներ են իրականացվում, ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց հարցով. «Մի հատ դուք հարցրեք` ինչու համազեկուցողները չեն գալիս Հայաստան, անտարբեր են Հայաստանի նկատմամբ: Չեն գալիս, որովհետև աչքաթող են արել Հայաստանը, որովհետև նրանց չի հետաքրքրում ինչ է կատարվում այստեղ, և Հայաստանը մեծ երկրների համար հետաքրքրություն չի ներկայացնում»: