Հայրիկյանի մահափորձի գործով վկայի ցուցմունքը գրել են քննիչները. Հայտարարություն դատարանում
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայրիկյանի դեմ մահափորձի գործով Սեդրակյանի ու մյուսների դատավարության ժամանակ պարզվեց, որ վկաներից մեկի նախաքննական ցուցմունքը իր փոխարեն գրել են քննիչները:
Վկա Սեդա Գևորգյանը Պարույր Հայրիկյանի հարևանն է և այսօր ցուցմունք տալուց հայտարարեց, որ ինքը չի իմացել, որ Հայրիկյանի վրա կրակել են ու կրակոցի ձայներ չի լսել: Ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը դատարանին միջնորդեց հրապարակել վկայի նախընտրական ցուցմունքը, քանի որ այն չի համապատասխանում նախաքննության ժամանակ տված ցուցմունքներին: Դատարանը բավարարեց միջնորդությունը, և պաշտպան Ավետիսյանը կարդաց նախաքննական ցուցմունքը. «Թույլ կրակոց լսեցի ու բղավեցին օգնեցեք, անմիջապես պատշգամբից դուրս նայեցի և տեսա, որ բղավոցը Պարույր Հայրիկյանն է արել, որը վնասվածք էր ստացել հասկացա, որ նրա վրա կրակել են, որից հետո մենք բնակիչներով խառնվեցինք իրար ու շտապօգնություն կանչեցինք: Նրան տեղափոխեցին հիվանդանոց: Ով կամ ինչպես կամ ինչու են կրակել նրա վրա, չեմ կարող ասել»:
Իր նախաքննական ցուցմունքը լսելիս Հայրիկյանի հարևանը հայտարարեց, որ իր ցուցմունքները փոխել են: «Ցուցմունք վերցրել են մի քանի հոգի ու գրել են, իրար հետևից ու տվել են, որ ստորագրեմ: Քննչական վարչությունից եկել են, անվտանգությունից եկել են երեք-չորս հատ թուղթ եմ ստորագրել, հետո կանչել են քննչական վարչություն առանձին հարցաքննել են: Ես պատուհանից չեմ նայել ու չէի կարող ասել, որ նրա վրա կրակել են: Այդ ձայնը ինձ տարօրինակ չի թվացել, այդպիսի ձայն միշտ էլ լսել եմ: Ես դուրս եմ եկել, երբ օգնության կանչող ձայներ եմ լսել», -հայտարարեց վկան:
Մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե որտեղ է աշխատում վկան, երբ պատասխանեց` կառավարությունում, դատախազը հարցրեց. «Ձեզ տրվող փաստաթղթերը ստորագրելուց չե՞ք նայում, թե ինչի տակ եք ստորագրում: Եթե դուք այդպես եք վարվում նաև ձեր աշխատավայրում, շատ հետաքրքիր կլինի»: Վկան պատասխանեց, որ նայում է թղթերին, նոր է ստորագրում: «Մենք այդ գիշերը այնպիսի հոգեբանական վիճակում էինք և այնքան հարցաքննություն եղավ, որ…», բացատրեց վկան:
Նախորդող հրապարակումներ. Որքա՞ն ժամանակ է Հայրիկյանի պայուսակը օդում կախված մնացել. Զավեշտալի իրավիճակ դատարանում
«Արյունը շիթի նման հոսում էր». Ցուցմունք է տվել Հայրիկյանի կինը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները