«Արյունը շիթի նման հոսում էր». Ցուցմունք է տվել Հայրիկյանի կինը (Լուսանկարներ)
«Այդ չարաբաստիկ օրը իմ աղջկա հետ նստած հեռուստացույց էինք նայում, հանկարծ աղմուկ լսվեց, և Նարեն անջատեց հեռուստացույցը, մոտեցավ պատուհանին ու բղավեց` հայրիկն է: Ես անմիջապես դուրս եկա շքամուտք և տեսա, թե ինչպես էր ամուսնուս կրծքավանդակից արյունը շիթի նման դուրս ցայտում», -այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայրիկյանի դեմ մահափորձի գործով Վ. Սեդրակյանի և մյուսների դատավարության ժամանակ ցուցմունքներ տալիս հայտարարեց Պարույր Հայրիկյանի կինը` Սուսաննա Ավագյանը:
Այնուհետև վկան տեղեկացրեց, որ այդ պահին հարևան Կարենը մոտեցել, գրկել է, երբ տեսել է աչքերը փակվում է, խփել է դեմքին, որ չքնի: «Չգիտեմ` ով, երբ, ինչպես զանգեցին ոստիկանություն: Սկզբում ոստիկանությունը եկավ, հետո` շտապօգնությունը»,- հայտարարեց վկան:
Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հարցրեց վկային, թե կարո՞ղ է նկարագրել վկան` ինչպե՞ս էր արյունը դուրս գալիս: Հայրիկյանի կինը ակնհայտորեն վրդովվեց հարցից և ասաց. «Ինչպե՞ս նկարագրեմ, արյունը շիթի նման դուրս էր գալիս»: Հարցին այնուհետև առարկեց մեղադրող դատախազը` նկատելով, որ հարցը անտեղի է, իսկ դատավորն էլ ասաց, որ հիվանդության պատմությունը դեռ քննված չէ և այդ պատճառով հարցն անտեղի է:
Մյուս ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի փաստաբան Ավետիսյանը երբ սկսեց մանրամասն հարցաքննել վկային հեռուստացույցից վկայի հեռավորության, պատշգամբի դիրքի և բակում կայանված մեքենայի մասին, մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը առարկեց և ուղղորդեց փաստաբանին հարցերը ձևակերպել ոչ թե որպես փաստ, այլ տալ ուղղակի հարցեր:
Իր հերթին Սիրունյանը դատարանում հայտարարեց, որ մեղադրող դատախազը ուղղություն է տալիս փաստաբաններին և դա իր լիազոորությունների մեջ չի մտնում: Փաստաբանների ու մեղադրող դատախազի միջև վեճը ակնհայտորեն դուր չեկավ նիստը վարող դատավոր Գագիկ Պողոսյանին, և նա բարկացած նկատողություն արեց. «Չեմ պատրաստվում հանդուրժել Ձեր վիճաբանությունները, հակառակ դեպքում կմտածեմ պատժելու մասին, անկախ նրանից, թե կողմերից ով կլինի դա»:
Դատական նիստին չի մասնակցում տուժող Պարույր Հայրիկյանը. Նրա ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնից տեղեկանք ներկայացրեց և ասաց, որ Հայրիկյանը դեռ բուժվում է և այս պահին չի կարող ներկա լինել նիստին: Սակայն չբացառեց, որ հետագայում նա ներկայանա:
Նշենք, որ Վարդան Սեդրակյանին առաջադրվել է հետևյալ մեղադրանքը. 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում առաջադրվելով որպես ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները