Երկու օրով գործադուլ հայտարարած փաստաբանների թիվն անցել է 100-ից
Հունիսի 10-ին և 11-ին գործադուլի մասին հայտարարած Հայաստանի փաստաբանների թիվը գնալով աճում է. այս պահի դրությամբ գործադուլին միացել են 103 փաստաբաններ: Վերջինները երկու օր շարունակ չեն մասնակցելու դատական նիստերին: Գործադուլի պատրաստվող փաստաբանները նշում են, որ նախորդ նման ակցիայից մեկ տարի անց իրենց առաջ քաշած խնդիրները չեն լուծվել և այժմ իրենք ստիպված դիմում են այդ քայլին:
«2012 թվականի հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետության ավելի քան 500 փաստաբաններ մեկօրյա գործադուլի միջոցով իրենց բողոքն ուղղեցին ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի՝ որպես դատական համակարգում առկա անորոշության, անկանխատեսելիության, հակասական իրավակիրառ պրակտիկայի հիմնական պատասխանատուի: Շուտով կլրանա մեկ տարին այն օրվանից, երբ այդ ակցիան տեղի ունեցավ, սակայն որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել, դեռ ավելին` հիմքեր կան ասելու, որ ճգնաժամն էլ ավելի է խորացել:
Դատական համակարգում շարունակում են կիրառվել երկակի ստանդարտներ` դատական ատյանների կողմից կայացվող դատական ակտերը հաճախ հակասում են մեկը մյուսին, իսկ դրանց դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները կրկին առանց պատճառաբանության կամ շաբլոնային, ոչինչ չասող պատճառաբանությամբ վերադարձվում են: Արդյունքում, նույնանման փաստական հանգամանքների առկայությամբ տարբեր գործերով ընդունվում են միմյանց հակասող դատական ակտեր, ինչը խարխլում է իրավական պետության հիմքում դրված իրավական որոշակիության սկզբունքը։ Թեև ՀՀ վճռաբեկ դատարանը Սահմանադրությամբ և օրենքով կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը և պետք է նպաստի իրավունքի զարգացմանը, սակայն գործնականում շարունակում է շեղվել այդ ուղուց: Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու իրական չափանիշները և գործընթացը շարունակում են մնալ ստվերում և այս կամ այն վճռաբեկ բողոքի` վարույթ ընդունվելու կամ չընդունվելու հեռանկարը որևէ տրամաբանական վերլուծության ենթակա չէ», -ասված է փաստաբանների տարածած հայտարարության մեջ:
Նախորդ տարի տեղի ունեցած բողոքի ակցիան կազմակերպել էր Փաստաբանների պալատում 5 փաստաբաններից (Լուսինե Սահակյան, Կարեն Մեժլումյան, Գևորգ Գյոզալյան, Հայկ Ալումյան և Արա Զոհրաբյան) ձևավորված փաստաբանների հանձնախումբը: Փասաբան Արա Զոհրաբյանը վերջերս իր հրապարակած հոդվածում տեղեկացրել էր, որ հանձնախումբը վերջերս նույնպես քննարկումներ ունեցավ և (4 կողմ և 1 դեմ ձայներով) որոշեց, որ դեռ վաղ է նման բողոքի ակցիա կազմակերպելը:
«Դա չի նշանակում, որ խնդիրը լուծվել է: Հանձնախմբի անդամների մեծամասնությունը քաջ գիտակցում են, որ այս պայմաններում (ժամանակի և պայմանների դասավորվածության) հնարավոր է արժեզրկենք մեր բողոքի ակցիաները», -նշել էր Զոհրաբյանը իր հոդվածում (iravaban.net):
Թեմային առնչվող նյութեր. Հունիսի 10-ին նոր գործադուլ. Փաստաբանները դարձյալ ոտքի են կանգնում
Փաստաբանները կրկին գործադուլ են անելու. «Խնդիրը օրենքի սխալ կիրառության մեջ է»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները