Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ. ՊՆ խոսնակ
ՊՆ զինվորական հոսպիտալ տեղափոխված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, նա գտնվում է հոսպիտալում, բայց կան դրական միտումներ: Այդ մասին տեղեկացրել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչած կրակոցների հետևանքով: Իսկ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավո Բուդաղյանը, ով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր, նույն վիճաբանության ժամանակ ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր: Հրազենային վնասվածք էր ստացել նաև դեպքի վայրում եղած 38-ամյա Նիկոլայ Աբրահամյանը, ով նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանություն են բերման ենթարկվել և հրավիրվել դեպքին մասնակից, ականատես հնարավոր վկաները, որոնք հարցաքննվում են: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կան ձերբակալվածներ, սակայն անուններ չեն հրապարակում: Կատարվում է նախաքննություն:
Նախորդող հրապարակում. Սյունիքի մարզպետի տան մոտ մարդ են սպանել