Չեմ ցանկանում և չեմ էլ ցանկանալու դառնալ Փաստաբանների պալատի նախագահ. Հայկ Ալումյան (Տեսանյութ)
«Ես մի քանի տարի առաջ իմ գործընկերների նեղ շրջանակում ասել եմ, որ չեմ ցանկանում դառնալ փաստաբանների պալատի նախագահ ու չեմ էլ ցանկանալու», -այսօր Փաստաբանների պալատի շուրջ 200 փաստաբանների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ` պատասխանելով Panorama.am-ի հարցին, հայտարարեց ՓՊ անդամ Հայկ Ալումյանը:
Այժմ Փաստաբանների պալատի նախագահը Ռուբեն Սահակյանն է, և առաջիկա հոկտեմբերին սպասվում են Պալատի նոր նախագահի ընտրություններ: Տարբեր աղբյուրներ պնդում էին, որ փաստաբանների ակցիան կազմակերպելով` Հայկ Ալումյանը հավակնություններ ունի ՓՊ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար:
«Ես սիրում եմ փաստաբանություն, այսինքն, եթե նկարիչը սիրում է նկարել, ինքը նկարում է, այլ ոչ թե ձգտում դառնալ Նկարիչների միության նախագահ, կամ եթե ֆուտբոլիստը սիրում է ֆուտբոլ խաղալ ինքը չի ձգտում դառնալ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ինքն ուղղակի խաղում է ու գոլեր է խփում: Իմ մոտ այդպես է: Եվ եթե նույնիսկ իմ ընկերների մոտ ասածի համար փոշմանել եմ, ապա իմ տված խոսքն այնքան մեծ արժեք ունի, որ երբեք իմ ասածը չէի փոխի», -հայտարարեց Հայկ Ալումյանը:
Մեր մյուս հարցին, թե ինչու ի տարբերություն նախորդ տարվա փաստաբանների ակցիայի, այս անգամ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը չի պաշտպանում 200 փաստաբաններին, Ալումյանն ասաց, որ նա էլ իրենց հետ համակարծիք է եղել և ուղղակի պայքարի ձևերի հարցում են տարաձայնությունները եղել: «Մեզ մոտ կարծիքների տարբերություն չկա կապված Վճռաբեկ դատարանի գործունեության գնահատականի հետ: Մենք բոլորս էլ նույն գնահատականներն ենք տալիս: Մեզ մոտ կա տարաձայնություն բացառապես մի հարցում` ինչպիսի եղանակով հասնել այս անօրինականությունների վերացմանը», -հավելեց փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա ներկայացմամբ, փաստաբանների մի մասն առաջարկել է սպասել մինչև սեպտեմբեր, իսկ մյուս մասն էլ որոշել է դիմել այդ քայլին, որովհետև իրավիճակն անհույս է ու պետք էր ոտքի կանգնել:
«Մենք կարծեցինք, որ մեկ տարի արդեն անցել է ու պետք է ամփոփել, թե ինչ տեղի ունեցավ այս մեկ տարվա մեջ: Մեր մեջ թիրախի առումով տարբերություն չկա, ուղղակի մենք ուրիշ եղանակ ենք տեսնում այդ թիրախին հարվածելու համար, իսկ նրանք` ուրիշ», -հավելեց Հայկ Ալումյանը:
Այսօր առավոտից շուրջ 200 քաղաքացիական և քրեական գործերով զբաղվող փաստաբաններ չեն ներկայացել դատական նիստերի: Դատադուլը շարունակվելու է նաև վաղը` հունիսի 11-ին:
«Մենք մի ջերմաչափ ենք, որը արձանագրում է, որ հիվանդն ունի 42 աստիճան տաքություն, և մենք կարծում ենք, որ հիվանդի համար կարևոր է, թե ինչքան է իր ջերմաստիճանը, հիվանդին մենք ասում ենք, որ ունի այսքան ջերմաստիճան: Դրանից հետո թե հիվանդն ինչ քայլերի կդիմի, դա արդեն մնում է իր խղճին», -հավելեց Ալումյանը` հույս հայտնելով, որ հիվանդը իր ջերմաստիճանի վրա ուշադրություն կդարձնի և ջանքեր կգործադրի առողջանալու համար:
Թեմային առնչվող. Հունիսի 10-ին նոր գործադուլ. Փաստաբանները դարձյալ ոտքի են կանգնում
Փաստաբանների թիրախը պետք է լինի Վերաքննիչ դատարանը. Դիտարկումներ երկօրյա դատադուլից առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան