Գործարար Աշոտ Սուքիասյանին կալանավորելու որոշում է կայացվել
Նախաքննական մարմինը երեկ գործարար Աշոտ Սուքիասյանին ճանաչել է մեղադրյալ ու կալանավորման որոշում է կայացրել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նրա գտնվելու վայրն այժմ հայտնի չէ, ինչի հետևանքով հետախուզում է հայտարարվել:
«17.06.2013 թվականին որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3րդ մասի 1-ին կետով, 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի գտնվելու վայրը անհայտ լինելու պատճառով նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,-ներկայացրեց Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում էր:
Սուքիասյանը մեղադրվում է խոշոր չափի խարդախության, առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի պատճառման, առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ: