Մարո Գուլոյանի քրեական գործի վարույթը վերաբացվելու է
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Աբովյան) հունիսի 27-ին` ժամը 10:30, տեղի կունենա Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության գործով դատական նիստը: Դատարանը պետք է քննարկի քրեական գործով վարույթը կարճելու որոշման դեմ բերված բողոքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել « Women's Resource Center » հկ-ն:
«Բողոքում բարձրացված հարցը, սակայն, իր լուծումը գտավ մինչև դատաքննությունը: Երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունից տուժող կողմին տեղեկացրեցին, որ Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցչի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից հունիսի 17-ին ներկայացված բողոքն ուսումնասիրվել է, և Գլխավոր դատախազի որոշմամբ կարճման որոշումը վերացվել է:Այսպիսով, Մարո Գուլոյանի քրեական գործի վարույթը վերաբացվելու է:
Շատ հուսադրող է այն փաստը, որ գոնե այս անգամ ՀՀ Գլխավոր դատախազությունը չանտեսեց տուժող կողմի բողոքը և չմերժեց նրա օրինական պահանջը: Այսքանով, սակայն, գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու երաշխիքներ դեռ չեն ստեղծվել, քանզի դրա համար անհրաժեշտ է Մարո Գուլոյանի գործով նախաքննությունը տեղափոխել Երևան: Տուժող կողմը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան շարունակելու են իրենց համատեղ պայքարն այս ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախորդիվ`
Գլխավոր դատախազությունը կաջակցի Մարո Գուլոյանի գործին
«Նա ինքնասպան չի եղել....» . Բողոքի ակցիա դատախազության դիմաց
20-ամյա Մարոյի «ինքնասպանության գործով» հարցականներն ու կասկածները շատ են, բայց վարույթը կարճվել է