Ալվինա Գյուլումյանը տհաճություն է զգացել եվրոպական դատարանում Գրիշա Վիրաբյանի ու Միշա Հարությունյանի գործերի համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի եղել են այնպիսի գործեր, որոնց համար Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը վատ է զգացել: Այդպիսի գործերից են եղել օրինակ, ընդդեմ Հայաստանի Գրիշա Վիրաբյանի ու Միշա Հարությունյանի գործերը:
Հիշեցնենք` Գրիշա Վիրաբյանն ու Միշա Հարությունյանը խոշտանգումների էին ենթարկվել ոստիկանության բաժիններում և նրանցից վկայություններ էին կորզվել: «Գիտեք` տհաճություն ես զգում, որ նման գործեր են եղել Հայաստանում: Միշա Հարությունյանի դեպքում անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների միջոցով ստացված ապացույցը դրվել էր վճռի հիմքում: Բնականաբար նման վերաբերմունքի դրսևորումը հարիր չէր մեր հասարակությանը: Ես համենայնդեպս վատ էի զգում, որ մենք մեր հանրապետությունից կարող ենք նման գործ ունենալ, որտեղ մարդը խոշտանգումների է ենթարկվել», -այսօր Ազգային ժողովում ասաց տիկին Գյուլումյանը:
Panorama.am-ի հարցին, թե ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի կարծիքով, ի՞նչ պետք է անել նման վճիռ կայացրած դատավորի հետ, տիկին Գյուլումյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, դատավորն էլ մարդ է և կարող է սխալվել: Դատական սխալը երբեք չի կարելի բացառել: Երբ ժամանակին հանրապետությունում քննարկվում էր մահապատիժը վերացնելու հարցը և ես դրան կողմնակից էի հանդես գալիս, իմ առաջին պատճառաբանությունը այն էր, որ եկեք երբեք չբացառենք դատական սխալը, քանի որ դատական սխալը մահապատժի հարցում կարող է անուղղելի լինել»:
Մեր դիտարկմանը, թե ընդդեմ Հայաստանի Գրիշա Վիրաբյանի գործով, որի համար ինքը Եվրոպական դատարանում վատ է զգացել, Վիրաբյանը իր խոշտանգման համար մեղադրում էր Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին, տիկին Գյուլումյանը պատասխանեց. «Ես չգիտեմ` դա կոնկրետ խոշտանգողն է, թե ոչ: Ես չեմ կարող նման հաստատում անել: Ընդհանրապես, եվրոպական կոնվենցիան ունի ևս մեկ սկզբունք` դա անմեղության կանխավարկածն է. մարդուն չի կարելի մեղավոր համարել, քանի դեռ չկա դատարանի դատավճիռ: Եթե դատավճիռ չկա, որը մեղադրում է տվյալ անձին, եկեք իրավունք չվերապահենք ու մեղադրենք»:
Ալվինա Գյուլումյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանից ՄԻԵԴ ներկայացվող դիմումների թիվը ի տարբերություն այլ երկրների փոքրաթիվ են: Ընդ որում, ըստ տիկին Գյուլումյանի, Հայաստանից Եվրոպական դատարան ներկայացվող դիմումների 80 տոկոսը չեն մերժվում և ընդունվում են հետագա քննարկման: Հայաստանի ներկայացուցիչը այդ հանգամանքը պայմանավորեց նրանով, որ մեր երկրի փաստաբանների մակարդակը բարձր է ու նրանք գրում են այնպիսի դիմումներ, ոորնք եվրոպական դատարանը չի համարում անհիմն:
«Բացի այդ, մեր քաղաքացիները շատ լավ, շատ բարձր իրավագիտակցություն ունեն և հասկանում են, որ դեպքում է իրենց իրավունքը խախտվել, որի համար կարող են դիմել եվրոպական դատարան», -նկատեց Ալվինա Գյուլումյանը:
Նրա խոսքով, նաև Հայաստանի դատական համակարգն է արդյունավետ աշխատում, որ Հայաստանի դեմ դիմումներ չեն ներկայացվում եվրոպական դատարան: «Մեր երկրում ունենք Սահմանադրական դատարան, որն իր որոշումներով և օրենքների վերաբերյալ իր եզրակացությամբ կարողանում է հասնել այն բանին, որ օրենքով պայմանավորված խախտումները հասցվեն նվազագույնի», -հավելեց նա: Նրա խոսքով, առաջընթաց էր նաև Վճռաբեկ դատարանի կողմից նախադեպային իրավունքի կիրառումը:
Հայաստանի դեմ Եվրոպայի խորհրդին մեր անդամակցությունից սկսած տասը տարվա ընթացքում 50 վճիռ է կայացվել, որից միայն մեկ դեպքում է, որ խախտում չի արձանագրվել: Իսկ այս պահի դրությամբ Հայաստանի դեմ ներկայացված և չքննված կա 873 դիմում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին