Որևէ երկրի Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները չեղյալ չի համարել. Գագիկ Հարությունյան
«Ոչ մի ընտրություն կատարյալ չի եղել, և մեր որոշումներում նման եզրահանգումներ դուք չեք տեսնի», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանում անցկացված որևէ ընտրություն չեղյալ հայտարարելու վերաբերյալ ՍԴ-ն որոշում չի կայացրել:
Գագիկ Հարությունյանն ասաց, որ պատմության մեջ չի եղել դեպք, որ որևէ երկրի Սահմանադրական դատարան չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները: «Այդպիսի փաստեր չեք տեսնի», -նկատեց ՍԴ նախագահը:
Գագիկ Հարությունյանը մատնանշեց 2013-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունները և նկատեց, որ 33 հազար հանձնաժողովականներից միայն մեկը չի ստորագրել արձանագրությունների տակ, իսկ մյուս բոլորը` այդ թվում ընդդիմության ներկայացուցիչները, ստորագրել են: «Իսկ Սահմանադրական դատարան հիմնավոր որևէ փաստարկ չի ներկայացվել այն մասին, թե նրանք կամ ճնշման տակ են ստորագրել, կամ իրենց կամքը չի եղել: Դուք այս հարցերին նայում եք զուտ հայեցական տեսանկյունից:
Սահմանադրական դատարանը կատարում է իրավական գործառույթ: Նա իրավական ճշմարտությունն է բացահայտում` այն նյութերի հիման վրա, ոորնք ներկայացված են դատարան: Այլ բան դատարանը չի անում», -հավելեց ՍԴ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են