Մարո Գուլոյանի գործ. Կրկին դիմում են դատախազին
Պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանը պատրաստվում է այսօր հանդիպել դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի հետ, որին փոխանցելու է դիմում՝ նախաքննությունը Կոտայքի մարզից Երևան տեղափոխելու վերաբերյալ:
«Սա վերջին տարբերակն է, որը կարող է ապահովել, որ նախաքննությունն արդար ընթացք ունենա: Սարգսյանի միջոցով մեր դիմումը փոխանցելու ենք գլխավոր դատախազին»,- լրագրողներին ասաց Լ. Մինասյանը:
Հիշեցնենք, որ քրեական գործով վարույթը նախաքննական մարմնի որոշմամբ կարճվել էր, սակայն գլխավոր դատախազության որոշմամբ վերաբացել է: «Ի պատասխան գլխավոր դատախազին ուղղված մեր նախորդ դիմումի, քրեական գործի վարույթը վերաբացվեց: Դատախազը հիմնավորված, օրենքից բխող, մեր մտահոգությունը կիսող որոշում էր կայացրել: Կարծում եմ՝ երկրորդ դիմումի պատասխանը պետք է լինի առաջինի շարունակությունը: Այսինքն անել քայլ, որն ուղղված է օրինական նպատակի իրականացմանը, բայց թողնել մի տեղում, որ ի վիճակի չէ դա անել, կլինի անարդյունավետ: Պետք է լինի շարունակական»,- ասաց Լ. Մինասյանը:
Նա կրկին բացառեց, որ Մ. Գուլոյանը ինքնասպանություն է գործել:
Հիշեցնենք, 2012թ-ի ամռանը Առինջ գյուղում քսան տարեկան Մարո Գուլոյանին հայտնաբերել էին խալաթի գոտիով կախված տան լոգարանում: Մարոն մահվան պահին ուներ 2 տարեկան երեխա և հղի էր երկրորդ երեխայով: Ըստ գործի նյութերի` նրա ամուսնությունը եղել է անհաջող, ամուսնու հետ անընդհատ վիճաբանություններ են եղել, անգամ բանը հասել է բռնության, սակայն Մարոն ոչ մի անգամ ոստիկանությանը չի դիմել: Ամուսինը` Գևորգ Գուլոյանը, խաղամոլ է եղել, չի աշխատել, մշտապես պարտքերի մեջ է եղել: Գևորգ դաժան ծեծերի է ենթարկել նրան։ Մարոն, չդիմանալով ուզել է բաժանվել ամուսնուց, բայց վախեցել է, ամուսինը սպառնացել է «մորթել եղբորը», եթե Մարոն իրենց տանից դուրս գա։ Խոսակցություններ կան, որ մահվանից 20 րոպե առաջ Մարոն զանգահարել է իր զույգ եղբորը` Մհեր Թովմասյանին, կանչել իր մոտ և ասել, որ ուզում է բաժանվել ամուսնուց: Խնդրել է երեկոյան ծնողների հետ գալ իր և երեխայի հետևից: Եղբոր հետ հանդիպումից կես ժամ անց հարազատներին տեղեկացրել են, որ Մարոն ինքնասպանության փորձ է արել և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ աղջիկը մահացել է: Մարոյի հարազատները համոզված են, որ եղբոր գնալուց հետո ամուսինը սպանել է նրան: Նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին և ասում են, որ աղջկա պարանոցին պարանի հետքեր չեն, այլ՝ մատնահետքեր: Հարազատները կասկածում են, որ Մարոյին խեղդել է ամուսինը: Մարոյի ամուսինը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգականն է:
Նախորդող նորություններ՝ Մարո Գուլոյանի գործ. Հաջորդ պահանջը նախաքննությունը Երևան տեղափոխելն է
Մարո Գուլոյանի քրեական գործի վարույթը վերաբացվելու է
Գլխավոր դատախազությունը կաջակցի Մարո Գուլոյանի գործին
«Նա ինքնասպան չի եղել....» . Բողոքի ակցիա դատախազության դիմաց
20-ամյա Մարոյի «ինքնասպանության գործով» հարցականներն ու կասկածները շատ են, բայց վարույթը կարճվել է