Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործի քննությունը մեկնարկեց Առաքելյանի ու դատավորի միջև անհամաձայնությամբ
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը այս դատավարության նկատմամբ, խնդրում եմ դատարանից չսահմանափակել լրատվամիջոցների աշխատանքը: Միգուցե 11-րդ րոպեին ես կարևոր բան ունեմ ասելու», -այս մասին այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանում հայտարարեց անազատության մեջ գտնվող Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը` արձագանքելով նիստը նախագահող դատավոր Եվա Դարբինյանի այն հայտարարությանը, թե լրագրողները կարող են տեսանկարահանում իրականացնել միայն նիստի առաջին տաս րոպեների ընթացքում:
Եվա Դարբինյանը հակադարձեց` նկատելով, որ դատարանում որոշումներ կայացնում է նիստը նախագահող դատավորը:
Սակայն Տիգրան Առաքելյանն էլ հետ չմնաց. «Եթե դատարանը շարունակելու է չլսել կողմերի կարծիքը, խնդրում եմ ինձ հետ ուղարկել բանտ, թող դատարանի վճիռն էլ սկսի գործել»: Եվա Դարբինյանը հորդորեց զսպել էմոցիաները ու շարունակեց նիստը` հորդորելով բոլորին նստել իրենց տեղերում:
Նիստի սկզբում հայտարարվեց, որ դատարան չի ներկայացել Տիգրան Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը, և Առաքելյանը միջնորդեց դատարանին ներգրավել նոր պաշտպան` Մուշեղ Շուշանյանին: Մյուս ամբաստանյալներ Սարգիս Գևորգյանը, Արտակ Կարապետյանը և Դավիթ Քիրամիջյանը ևս միջնորդեցին, որպեսզի իրենց շահերը դատարանում ներկայացնի Մուշեղ Շուշանյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը` դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ որոշել էր ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը բեկանել և գործը կրկին ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի որոշման հիմքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական նորմերի խախտումներն են եղել:
Հիշեցնենք` ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, 2012-ի նոյեմբերի 13-ին մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները, որով պահանջվում էր բեկանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և կայացնել արդարացման դատավճիռ: Սակայն Վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ էր թողել առաջին ատյանի վճիռը:
Նշենք, որ ըստ առաջին ատյանի դատարանի վճռի, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին