Դատավոր Եվա Դարբինյանը չընդունեց Տիգրան Առաքելյանի ծաղիկները
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվող Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով դատական քննության ժամանակ մեղադրյալ Տիգրան Առաքելյանը դատին ներկայացավ ծաղիկներով: Նա ասաց, որ դրանք նվիրում է նիստը նախագահող դատավոր Եվա Դարբինյանին, սակայն վերջինը չընդունեց նվերը և հորդորեց այն նվիրել գործով վկա Անի Գևորգյանին:
Նիստի մեկնարկից հետո ցուցմունք տվեցին գործով անցնող վկաներ Անի Գևորգյանը, Հայկ Գևորգյանը և Վահագն Գևորգյանը:
Դատավարությանը զուգահեռ Վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում. ՀԱԿ անդամները պահանջում էին ազատ արձակել Տիգրան Առաքելյանին:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը` դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ որոշել էր ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը բեկանել և գործը կրկին ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի որոշման հիմքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական նորմերի խախտումներն են եղել:
Հիշեցնենք` ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, 2012-ի նոյեմբերի 13-ին մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները, որով պահանջվում էր բեկանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և կայացնել արդարացման դատավճիռ: Սակայն Վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ էր թողել առաջին ատյանի վճիռը:
Նշենք, որ ըստ առաջին ատյանի դատարանի վճռի, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:
Կարդացեք նաև`
Տիգրան Առաքելյանը կշարունակի մնալ անազատության մեջ
Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործի քննությունը մեկնարկեց Առաքելյանի ու դատավորի միջև անհամաձայնությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին