Բուդաղյանների պաշտպանը ներկա կգտնվի փորձաքննությանը. Նրանց միջնորդությունները բավարարվել են
Գորիսում, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ կատարվածի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում բավարարվել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու մասին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբան Ալումյանը:
«Փորձաքննություն էր կատարվել, որի արդյունքները մեզ համար շատ կասկածելի էին: Դեպքի վայրի լրացուցիչ զննության ընթացքում քննիչը հայտնաբերել էր հետքեր ու փորձաքննություն էր նշանակել, և փորձագետի եզրակացությունը մեզ համար շատ կասկածելի էր դրա համար միջնորդեցինք, որպեզի նշանակվի կրկնակի կամ կրկնակի փորձաքննություն»,- հավելեց Ալումյանը:
Բացի այդ, նախաքննական մարմինը բավարարել է նաև փաստաբանի մեկ այլ միջնորդություն ևս. փորձաքննությունների ժամանակ ներկա կլինի նաև փաստաբան Ալումյանը: «Նախորդ փորձաքննությունները, որ կատարվել էին առանց մեր ներկայության, խիստ անարժանահավատ տվյալներ էին պարունակում, դրա համար միջնորդեցինք, որ ներկա գտնվեմ այնտեղ: Այդ մասով էլ քննիչը բավարարել է միջնորդությունս և այս անգամ հույս ունեմ, որ իրականությանը ավելի մոտ եզրակացություն կստացվի, քան անցյալում էր»,- նշեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է այս գործով նախաքննությանը, ապա փաստաբանն ասաց, որ նախաքննությունն ընթացքի մեջ է, իսկ այդ ընթացքը Բուդաղյանների պաշտպանի համար գոհացուցիչ չէ: «Դժգոհ ենք նախաքննության ընթացքից, քանի որ մեր հին դժգոհությունների պատճառները չեն վերացվել»,- նկատեց Ալումյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցածի կապակցությամբ, երբ մահացել էր Ավետիք Բուդաղյանը, հարուցվել էր քրեական գործ, կալանավորված են Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Նրանց նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը» և 112-րդ և 235-րդ հոդվածնիերի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելը և պահելը»:
Վերջինները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում են և, ինչպես ավելի վաղ հայտարարել էր զինդատախազը, մինչև նախաքննության ավարտը մնալու են այնտեղ:
Կատարվածի կապակցությամբ մեղադրանք էր առաջացդրվել նաև ՊՆ Ասկերանի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի նկատմամբ` ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը»:
Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Արտակ Բուդաղյանին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ եղբորից՝ Ավետիք Բուդաղյանից, տեղեկանալով Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում նրան ծեծելու մասին, մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է արել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: Բուդաղյանը չի ընդունել իրեն առաաջդրված մեղադրանքը, և փաստաբան Հայկ Ալումյանը պնդում էր, որ նրան պետք է տուժողի կարգավիճակ տային:
Կարդացեք նաև` Արտակ Բուդաղյանն ասել է, որ զինված հարձակում չի գործել, և ես պարտավոր եմ նրան հավատալ. Արթուր Աղաբեկյան
Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել
Սուրիկ Խաչատրյանի որդու արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել. Փաստաբանը հաստատում է