Վարչական դատարանը վերադարձրել է քաղաքապետի որոշումների դեմ «Բարև Երևան»-ի հայցը
Վարչական դատարանը որոշել է վերադարձնել Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի խմբակցության ներկայացրած երկու հայցադիմումները, որոնցով խմբակցությունը պահանջում էր անվավեր համարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երկու որոշումները` տրոլեյբուսների ու մյուս փոխադրամիջոցների ուղեվարձերի սակագները բարձրացնելու մասին: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է վարչական դատարանից, Վարչական դատարանը մերժել է ընդունել հայցը վարույթ` պատճառաբանելով, որ այն սխալ է ներկայացված:
Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի որոշման մեջ նշվում է, որ հայցադիմումը ներկայացվել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անունից, իսկ հայցադիմումը ստորագրել է խմբակցության ղեկավարը։ Հայցադիմումին կից բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավարը լիազորված է խմբակցության անունից հայց հարուցելու վարչական դատարանում։
«Նման պայմաններում հնարավոր է երկու տարբեր ընկալումներ։ Առաջինը՝ հայցադիմումը ներկայացվել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության կողմից, սակայն հայցադիմումը ստորագրել է նման լիազորություն չունեցող անձը։ Երկրորդ՝ հայցադիմումը ներկայացվել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավարի՝ որպես Երևանի ավագանու անդամի, կողմից, սակայն հայցադիմումում սխալ են նշվել հայցվորի տվյալները։ Պետք է նշել, որ երկու դեպքն էլ օրենսդիրը դիտարկում է որպես հայցադիմումը վերադարձնելու հիմք», -նշված է դատավորի որոշման մեջ։
Այնուհետև, վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որոշման մեջ դատավորը նշում է, որ ինքը պարտավորվում է վերադարձնել այն հայցադիմումը, որում չեն պահպանվել նույն օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված՝ հայցադիմումին առաջադրվող պահանջները, իսկ 2-րդ կետը, որպես հայցադիմումը վերադարձնելու հիմք, նախատեսում է այն հայցադիմումը ստորագրելու լիազորություն չունեցող անձի կողմից ստորագրված լինելը։
Կարդացեք նաև`
Երևանի քաղաքապետը շարունակում է ձևեր մոգոնել. Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)
«Բարև Երևան»-ը Վարչական դատարանում կվիճարկի քաղաքապետի ակտերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին