Արտակ Հակոբյանը կաշառքի գործով «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի վերաբերյալ ցանկանում է լուրջ հայտարարություններ անել
Օգոստոսի 20-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում տեղի է ունենալու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետի տեղակալ Դավիթ Մուրադյանի կաշառքի գործով դատական նիստը:
Դատական գործով տուժող Արտակ Հակոբյանի կինը Panorama.am-ի հասցեին ուղարկված բաց նամակով պահանջում է, որ իր ամուսնուն` «Արթիկ» ՔԿՀ-ից տեղափոխել Երևան, որպեսզի ինքն էլ մասնակցի դատական նիստին, քանի որ Արտակ Հակոբյանը կաշառքի գործով «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալ Աղասի Խաչատրյանի վերաբերյալ ցանկանում է լուրջ հայտարարություններ անել:
Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ս.թ. մայիս ամսին ձերբակալվել է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ քրեական գործի նախաքննության ժամանակ պարզվել է, որ Դ. Մուրադյանը 2012թ. փետրվարից մինչև դեկտեմբեր դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա կնոջից պատժի կրումից վաղաժամկետ ազատելու համար պահանջել և ստացել է 14.000 ԱՄՆ դոլար: Բացի դրանից, նույն հարցի համար Արտակ Հակոբյանի ծանոթների միջոցով ձեռք է բերել 540.000 դրամի կահույք: