Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող նախկին պաշտոնյայի դատը հետաձգվել է
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում այսօր հետաձգվել է «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանի գործով դատական նիստը:
Պատճառը մեղադրող դատախազի բացակայությունն է եղել. նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ դատախազը մեկ այլ գործով մասնակցում է դատական նիստի և նրա ներկայությունը այս նիստում հնարավոր չի եղել:
Դատական հաջորդ նիստը կկայանա վաղը, օգոստոսի 21-ին:
Նշենք, որ այսօրվա նիստին դատարան չէր բերվել գործով տուժող, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող և խուլիգանության համար դատապարտված Արտակ Հակոբյանը:
Նշենք, որ Դավիթ Մուրադյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու համար: Իսկ կաշառք պահանջել ու ստացել էր դատապարտյալ Արտակ Հակոբյանից: Քրեական գործի նախաքննության ժամանակ պարզվել էր, որ Դավիթ Մուրադյանը 2012թ. փետրվարից մինչև դեկտեմբեր դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա կնոջից պատժի կրումից վաղաժամկետ ազատելու համար պահանջել և ստացել է 14.000 ԱՄՆ դոլար: Բացի դրանից, նույն հարցի համար Արտակ Հակոբյանի ծանոթների միջոցով ձեռք է բերել 540.000 դրամի կահույք:
Կարդացեք նաև` Արտակ Հակոբյանը կաշառքի գործով «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի վերաբերյալ ցանկանում է լուրջ հայտարարություններ անել