Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ առնվազն երկու մեղադրանք պետք է առաջադրվեր. Փաստաբան Հայկ Ալումյան
Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն ապատեղեկատվության երկրորդ ալիքն է սկսվել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց այդ միջադեպի ժամանակ մահացած Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանի ներկայացուցիչ և գործով մնեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան, ՓՊ փաստաբան Հայկ Ալումյանը:
«Թողած գործի էությունը, թողած նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների, նրա թիկնապահի սադրանքը, այնուհետև սպանությունը, զինդատախազությունը և քննչական մարմինը ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է երկրորդական հարցերի վրա, այդ թվում՝ անընդհատ քննարկվում է Արտակ Բուդաղյանի անունը, կարծեք թե հիմնական խնդիրը այս ամեն ինչի մեջ Բուդաղյանի գործողություններն են»,- հայտարարեց Ալումյանը՝ նկատելով, որ Բուդաղյանի գործողությունները ներկայացվում են ամբողջությամբ հակառակ ձևով:
Ալումյանը հիշեցրեց, որ նախաքննական մարմինը տարածել է հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ Բուդաղյանը հրաժարվել է հարցաքննությանը մասնակցել, մինչդեռ իրականում Բուդաղյանը մասնակցել է և հարցաքննությանը, և փորձաքննությանը:
Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմնին չի հաջողվում հիմնավորել Արտակ Բուդաղյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը: «Հիմա արդեն քայլեր են ձեռնարկվում, որ Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանքը ծանրացվի, որպեսզի նա ավելի բացասական երանգով ներկայացվի հասարակությանը: Ու այս ամեն ինչի կատարողը զինդատախազությունն է», -հայտարարեց փաստաբանը: Հիշեցնենք, Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա սպանության սպառնալիքներ է արել Սուրիկ Խաչատրյանի ու նրա հարազատների հասցեին:
Փաստաբանն ասաց, որ Արտակ և Ավետիք Բուդաղյանների հոր՝ Էմիլ Բուդաղյանի միակ հույսը Հայաստանի նախագահին ուղղված բաց նամակն է, որով Էմիլ Բուդաղյանը նախագահին խնդրում է վերականգնել արդարությունը, օբյեկտիվ քննություն իրականացնել:
«Նամակում նաև պարոն Բուդաղյանը հարց է առաջ քաշում՝ ինչո՞ւ մինչև այժմ Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք չի առաջադրվել: Եթե Սուրիկ Խաչատրյանի կողմից կրակած լինել, չլինելու հանգամանքը նախաքննական մարմնի կողմից ներկայացվում է որպես չհաստատված մի փաստ, ապա գոնե երկու մեղադրանք կա, որոնք հենց հիմա կարող էին ու պիտի առաջադրվեին Սուրիկ Խաչատրյանին. առնվազն երկու քրեական օրենսգրքով արգելված արարք նրա գործողություններում ակնհայտ են: Չէ՞ որ Տիգրան Խաչատրյանը կրակել է Սուրիկ Խաչատրյանի անվամբ գրանցված զենքից», -հայտարարեց փաստաբանը՝ նկատելով, որ այս պարագայում խախտվել է ՀՀ Քր. Օր-ի 239 հոդվածը:
Սուրիկ Խաչատրյանին, փաստաբանի խոսքով, կարող էր մեղադրանք առաջադրվել նաև այն բանի համար, որ նրա տնից ինքնաշեն զենք է հայտնաբերվել: «Թողած այս ակնհայտ փաստերը, թողած մինչև դեպքը Սուրիկ Խաչատրյանի մեքենայի մեջ այդ այլանդակ միջադեպը, ուշադրությունը շեղում են Արտակ Բուդաղյանի վրա»,- հավելեց Ալումյանը:
Հիշեցնենք, որ Գորիսում հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախկին մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը ու թիկնապահը` Զարզանդ Նիկողոսյանը մեղադրվում են շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Նրանք կալանավորվել էին դեպքից հետո և մինչ այժմ գտնվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նշենք նաև, որ նախաքննության ժամանակ պարզվել էր, որ դեպքի օրը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին եղել է թմրանյութի ազդեցության տակ: Տեղեկացնենք նաև, որ այս գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել նաև այդ օրը մահացած Ավետիք Բուդաղյանի եղբայր, Ասկերանի զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի նկատմամբ այն բանի համար, որ սպանության սպառնալիքներ է արել Սուրիկ Խաչատրյանի ու նրա հարազատների հասցեին:
Կարդացեք նաև՝
Բուդաղյանը ցուցմունք տվել է. Ալումյանը տարօրինակ է համարում ՊՆ քննչականի հաղորդագրությունը
Խնդրել եմ, որ նախագահը օրինական լուծում տա, դատը օրինական լինի. Էմիլ Բուդաղյան