Խնդրել եմ, որ նախագահը օրինական լուծում տա, դատը օրինական լինի. Էմիլ Բուդաղյան
Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, նամակ է գրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրան խնդրելով օժանդակել, որ քրեական գործը քննվի օբյեկտիվ, իսկ մեղավորները արժանի պատիժ կրեն: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Էմիլ Բուդաղյանը՝ հայտարարելով, որ նամակն ուղարկել է այսօր կեսօրից հետո փոստով և սպասում է նաև պատասխանի:
«Խնդրել եմ, որ նախագահը օրինական լուծում տա, դատը օրինական լինի, առանց բացառությունների, թե մենք ենք մեղավոր, թող մեզ մեղավոր հանեն, թե իրենք են մեղավոր՝ իրենց... թող օրենքով լինի, թող ճշտի կողմը լինի...»:
Հարցին, թե ինչը ստիպեց նման նամակ հասցեագրել Սերժ Սարգսյանին և ինչու չի վստահում գործի քննությանը կամ սպասում գործի ավարտին, Է. Բուդաղյանը պատասխանել է.
«Ինձ ստիպեց գրել քննչական մարմնի միակողմանի և ուղղորդված լինելը: Ինչու՞ նախագահին, որովհետև դա կախված է, թե նախագահը ինչպես, ինչ ուղղություն կտա... պահանջում ենք արդարություն, և հույս ունեմ, որ այդպես կլինի... եթե հույս չունենայի, նամակ չէի գրի: Պատվերով նամակ է, հատուկ փոստով եմ ուղարկել... Հանձնարարություն թող տա, որ ճիշտ վարույթ ընդունեն: Հանրապետության քաղաքացու պաշտպանը նախագա՞հն է, թե՞ ուրիշ մեկը... դրա համար իրան եմ դիմում: Եթե զինդատախազը չի պաշտպանում ինձ, ես պետք է արդեն նրան դիմեմ, նրանից բարձր օրգանը նախագահն է, էլ ու՞մ դիմեմ»,- ասել է Բուդաղյանը:
Հիշեցնենք, որ Գորիսում հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախկին մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը ու թիկնապահը` Զարզանդ Նիկողոսյանը մեղադրվում են շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Նրանք կալանավորվել էին դեպքից հետո և մինչ այժմ գտնվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նշենք նաև, որ նախաքննության ժամանակ պարզվել էր, որ դեպքի օրը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին եղել է թմրանյութի ազդեցության տակ: Տեղեկացնենք նաև, որ այս գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել նաև այդ օրը մահացած Ավետիք Բուդաղյանի եղբայր, Ասկերանի զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի նկատմամբ այն բանի համար, որ սպանության սպառնալիքներ է արել Սուրիկ Խաչատրյանի ու նրա հարազատների հասցեին:
Կարդացեք նաև՝
Բուդաղյանը ցուցմունք տվել է. Ալումյանը տարօրինակ է համարում ՊՆ քննչականի հաղորդագրությունը