ՄԻՊ.Փակ շուկայում շարունակվող ապօրինությունների համար առաջին հերթին պատասխանատու է ոստիկանությունը
Ծածկած շուկայի խնդրով արդեն պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե` նախարարություններն ու քաղաքապետարանը: Այլևս ակնհայտ է, որ Ծածկած շուկայում իրականացված շինարարությունն ապօրինի է, ինչը հաստատող հայտարարություններով բազմիցս հանդես են եկել ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Նման հայտարարություն է տարածել ՄԻՊ աշխատակազմը:
«Վերջին գրությամբ Երևանի քաղաքապետարանը, որն, ի դեպ, պատասխանատու է Երևանում ապօրինի շինությունների ապամոնտաժման համար, հայտնել էր, որ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրենը տեղեկացվել է Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող շուկայի տարածքում ապօրինությունները վերացնելու և դրանից հետո միայն քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցապատումը շարունակելու անհրաժեշտության մասին: Սակայն, ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանի պահանջը մինչ այսօր ոչ միայն չի կատարվել, այլև ավարտվել է Ծածկած շուկայի տարածքում ապօրինի կառույցների իրականացումը:
Այս առումով անհասկանալի է իրավապահ մարմինների և առաջին հերթին` ՀՀ ոստիկանության դիրքորոշումը: ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված ինչպես ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից կրկնակի վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո ապօրինի շինության կառուցումը չդադարեցնելու համար, այնպես էլ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չձեռնարկելու համար: Իրավապահ մարմինների կողմից մերժվել է քրեական գործի հարուցումը թե´ վերը նշված, և թե´ պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու հանցագործությունների դեպքերի կապակցությամբ, սակայն այդ որոշումների հիմնավորվածությունը վիճարկվելու է նաև դատարանում:
Մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում է նախ` դատարանի կողմից քրեական գործերի հարուցումը մերժելու մասին որոշումների հիմնավորվածության մանրակրկիտ և անկողմնակալ ստուգում, երկրորդ` այս օրերին հուշարձանի մոտ իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցների բոլոր իրավունքների և օրինական շահերի, այդ թվում` անձնական անվտանգության և անձեռնմխելիության պաշտպանություն ոստիկանության կողմից:
Կատարված ապօրինությունների համար, ի վերջո, պետք է իրագործվի պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է պետության հատուկ պահպանության ներքո գտնվող պատմամշակութային հուշարձանին»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին